211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:59 13-04-2022

Վարչապետն ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ակնկալում է ժողովրդի համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։

«Այո, 2020 թվականի նոյեմբերի 9-ից մեր հասարակությունը պառակտված էր։ Ժողովրդավարական երկրներում հասարակության պառակտվածությունը հաղթահարելու միջոցը ընտրությունն է, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել։ Դա է միջոցը, որովհետև ժողովրդավարական հասարակությունում չկա համաձայնության մթնոլորտ, որտեղ բոլորը ամեն ինչի հետ համաձայն լինեն։ Հենց դրանում է ժողովրդավարության էությունը։ Բայց նաև գալիս են պահեր, երբ ամբողջ հանրությունը կոնսոլիդանում է մի խնդիր լուծելու շուրջ։ Ես այսօր ասացի, որ եթե մեր ժողովուրդը այդ մանդատը մեզ տվել է, ժողովուրդը պետք է համախմբվի հենց խաղաղության օրակարգի շուրջ և խաղաղության օրակարգը առաջ տանող կառավարության շուրջ։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ այդ ճանապարհը այլընտրանք չունի»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ օրակարգի հռչակումը չի նշանակում, որ կկարողանան հաջողության հասնել, որովհետև դրա համար պահանջվում են կրկնակի, եռակի, քառակի ջանքեր։

«Բայց մենք պետք է նաև տեսնենք մարտահրավերները, պետք է մեր պատմությունից էլ դասեր քաղենք, մեր վերջին շրջանի պատմությունից էլ դասեր քաղենք։ Եվ, այո, պետության շահը պետք է դառնա ամեն ինչի առանցքն ու ողնաշարը։ Պատերազմից հետո մի այսպիսի նախադասություն եմ ասել, որ պատերազմը ցույց տվեց հայրենասիրության մեր մոդելի բացերը։ Լավ պետք է, ի վերջո, իրար երեսի նայենք ու ասենք, թե այդ ինչպես է բոլոր հնարավոր ծննդյան և կնունքի արարողությունների ժամանակ հոտնկայս բանակի և զինվորների կենացն ենք խմում, բայց ոչ բոլոր երեխաներն էին մեծ հաճույքով գնում բանակ։ Սրանք թեմաներ են, որոնց պետք է առերեսվենք։ Հայրենասիրության մոդելը, եթե շատ կոպիտ ասեմ, պետք է էվոլյուցիա ապրի և դառնա պետականասիրության մոդել։ Սա է իմ ընկալումը»,- եզրափակեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր