Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին ու հենասյուներին և հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Քանի որ վթարի հետևանքով գազի արտահոսք է սկսվել, օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարային իրավիճակը շուտ շտկելու ուղղությամբ: Վթարի հետևանքով 25 երկաթյա հենասյուներ են տապալվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը քույրեր են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի