ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:
Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա հիմնված երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել՝ խթանելու և հարստացնելու ոլորտային փոխգործակցության օրակարգը, այդ թվում՝ երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:
Մանրամասն քննարկվել են տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները, հատկապես՝ էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում, ներդրումների ակտիվացման և այդ առումով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարները: Արձանագրվել է, որ գործարար կապերի աշխուժացման համար առկա է մեծ ներուժ և բարենպաստ պայմաններ: Կարևորվել է նաև կրթության ու մշակույթի ոլորտում կապերի խորացումը, ընդգծվել երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք խնդիրների: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական էթնիկ զտմանը միտված քաղաքականության դրսևորումներին, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական ճնշումների ենթարկելու, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու գործողություններին և ուժի կիրառման սպառնալիքներին:
Կարևորվել է 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների լիարժեք կարգավորման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղում առաջ եկած հումանիտար խնդիրների լուծման և ԼՂ հակամարտության գոտում հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ իտալական կողմն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Երկկողմ հանդիպմանը հաջորդել են նախարարների մամուլի համար հայտարարությունները:
Նույն օրն առավոտյան Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։