211652_close_icon
views-count1503 դիտում article-date 10:03 02-04-2022

Ինչպես է հաստատվում ամերիկյան օգնության չափը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»

Օրերս ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2023 թվականի համար արտաքին հատկացումների բյուջեի իր նախագիծը, ուր Հայաստանին տրամադրվող ամերիկյան տնտեսական օգնությունը կազմում է 23,405,000, իսկ ռազմականը՝ 600 հազար դոլար: Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության՝ վարչակազմը որևէ միջոց չի նախատեսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի համար: Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել վարչակազմի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված 2022 թվականի արտաքին հատկացումների գծով բյուջեն զգալիորեն մեծ է վարչակազմի այս տարվա առաջարկած ամերիկյան օգնության չափից: Հիշեցնենք, որ 2022թ-ի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանի համար նախատեսել է 45 միլիոն դոլարի օգնություն և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի է ու չի ներառել որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և ամերիկահայ համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ամերիկյան օգնության չափը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին կտրուկ ավելացնելու համար։

«Ամերիկայի ձայնը» դիմել է ամերիկահայ մեկ այլ կազմակերպության ՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանին՝ խնդրելով ներկայացնել Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրման և ընդհանրապես ԱՄՆ-ում բյուջեի ընդունման ընթացակարգը: Ըստ Մարիամ Խալոյանի՝ վարչակազմի առաջարկած նախագիծը վերջնական չէ և պետք է անցնի երկար ընթացակարգ՝ վերջնական գումարի ձևավորման և բյուջեի հաստատման համար: Այս հարցում նա ևս կարևորում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականների ու ամերիկահայ համայնքի ներգրավվածությունը, որոնց ջանքերի շնորհիվ, սովորաբար, հնարավոր է դառնում ազդել Հայաստանին տրամադրվող օգնության չափաբաժնի որոշման վրա:

Խալոյանը շեշտում է, որ նախկինում ևս վարչակազմի կողմից առաջ քաշած նախագծում Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափաբաժինը սովորաբար լինում է ավելի փոքր՝ համեմատած ԱՄՆ Կոնգրեսի հաստատած գումարի հետ, սակայն ԱՄՆ նախագահի ու վարչակազմի առաջարկած գումարը նախնական է: Դրանից հետո վարչակազմի բյուջեի նախագիծը ուղարկվում է ԱՄՆ Կոնգրես, ուր երկու պալատների՝ Ներկայացուցչների տան ու Սենատի օրենսդիրները սկսում են քննարկումներ իրականացնել առաջարկված բյուջեի նախագծի շուրջ: Հայաստանին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաև այլ հատկացումներ սկզբում քննարկվում են և հաստատվում Ներկայացուցիչների տան հատկացումների ենթահանձնաժողի, ապա նաև հանձնաժողովի կողմից, իսկ այնուհետև քվերակության դրվում Ներկայացուցիչների տան հարթակում:

Խալոյանը հիշեցնում է, որ այս նույն ընթացակարգը վերաբերում է նաև ԱՄՆ Սենատին, որի հատկացումների գծով ենթահանաձնաժողովը, իսկ այնուհետև հանձաժողովը քննարկում ու հաստատում են բյուջեն, որից հետո այն ընդունվում է նաև Սենատի կողմից: Այսպիսով, ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում՝ Կոնգրեսում է, ըստ Խալոյանի, իրականացվում է ողջ աշխատանքը՝ վարչակազմի կողմից առաջարկված օգնության չափը մեծացնելու ուղղությամբ:

Այս ընթացակարգերից հետո, ըստ Խալոյանի, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, գալիս են ընդհանուր հայտարարի և հատատում են վերջնական բյուջեն, ուր արտաքին հատկացումների բաժնի ներքո հաստատվում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության չափը: ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից բյուջեի նախագծի վերջնական հաստատումից հետո օրինագիծը ուղղարկվում է ԱՄՆ նախագահին ստորագրության համար, իսկ ստորագրումից հետո՝ստանում օրենքի ուժ:

Մարիամ Խալոյանը նաեւ ընդգծում է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակության կարևորությունը՝ շեշտելով, որ այս մարդասիրական նախաձեռնությունը ևս շարունակում է մնալ ամերիկահայ շրջանակների ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր