211652_close_icon
views-count1583 դիտում article-date 23:53 01-04-2022

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ապրիլի 1-ին, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ արհեստական ու անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։

Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։

 

Նմանատիպ նյութեր