211652_close_icon
views-count1750 դիտում article-date 22:32 01-04-2022

Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է. Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, նրանց ընկերներն ու հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Արսեն Հարությունյանի կայուն արդյունքն ուրախացնող է. «Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է, ինքն էլ դառնում է քաշի առաջատարը: Եթե աշխարհի առաջնությունում էլ այսպիսի արդյունք ցույց տա, ապա մենք արդեն շատ վստահ հայացքով կնայենք դեպի օլիմպիական խաղեր»:

Ըստ Կարեն Գիլոյանի՝ Եվրոպայի առաջնությունում թիմային 4-րդ հորիզոնականը գոհացնող արդյունք է, բայց մեդալների թիվը կարող էր ավելին լինել. «Կարծում եմ՝ մեկ բրոնզ ավելի պետք է ունենայինք: Կարող էինք նաև ևս երկու չեմպիոն ունենալ: Ամեն դեպքում թիմային 4-րդ հորիզոնականը բավականին լավ ու գոհացնող արդյունք է»:

Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշում է՝ սա իր մարզիչների, ընկերների, հարազատների և առհասարակ բոլորիս հաղթանակն է. «Դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»:

Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ չլսված ու չտեսնված է՝ ինչպես ենք ընդամենը 30 ըմբիշից թիմ հավաքում ու մասնակցում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին. «Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք… Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանն ասում է՝ բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել, և ընդգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածքով, դաստիարակությամբ և թիմային ոգով։ Անխոս, այս ամենը շատ հաճելի է»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցել է 7 մարզիկով:

Մեր ընտրանու կազմում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):

Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել էր վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել: 23-ամյա ըմբիշը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Լուսանկարը` News.am-ի:

Նմանատիպ նյութեր