211652_close_icon
views-count1239 դիտում article-date 13:36 31-03-2022

Պետք է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել. մի քանի տարբերակ ենք առաջարկել. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկեց նաև այն հարցը, որ Ադրբեջանը էսկալացիոն տրամաբանությունը արդարացնելու խոսույթը վարում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման եւ սահմանազատման համատեքստում:

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որեւէ տարընթերցման տեղ տալ եւ ակնհայտ է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր»,-ասաց Փաշինյնը:

Նրա խոսքով, Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել. «Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչեւ օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Այս հարցում, սակայն, մենք եղել ենք եւ կանք մաքսիմալ ճկուն եւ հետքաշման մի քանի  բանաձեւեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաեւ սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու եւ այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

«Ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, եւ մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր