211652_close_icon
views-count4125 դիտում article-date 10:07 30-03-2022

ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ աշխարհում 1 շաբաթում 43 տոկոսով ավելացել է քովիդից մահացածների թիվը

Անցած շաբաթ ավելի քան 10 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 45 հազար մարդ մահացել է։ Մահվան ելքերի թիվը նախորդ յոթ օրերի համեմատ ավելացել է 43 տոկոսով, իսկ վարակումների թիվը նվազել է 14 տոկոսով, չորեքշաբթի գիշեր տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Մարտի 21-27-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը, նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է, սակայն այդ նույն ժամանակամիջոցում 43 տոկոսով ավելացել է մահերի թիվը, ինչը, ըստ երեւույթին, կապված է Ամերիկայի (Չիլի եւ ԱՄՆ) տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան սահմանման փոփոխության եւ Հնդկաստանի ու Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի [տվյալների] հետահայաց ճշգրտման հետ։ Մեկ շաբաթում ԱՀԿ-ն ստացել է տեղեկություններ 10 805 132 մարդու վարակման մասին։ Գրանցվել է 45 711 մահվան դեպք։


Նախորդ շաբաթվա (մարտի 14-20) համեմատ վարակվածների թվի պակասում է գրանցվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում։ Դա հատկապես ցայտուն երեւացել է Արեւելյան Միջերկրածովում (մինուս 32 տոկոս), Աֆրիկայում (մինուս 29 տոկոս) եւ Արեւմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 24 տոկոս)։ Եվրոպայում, որին բաժին է ընկնում աշխարհում մեկ շաբաթում վարակումների բոլոր նոր դեպքերի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել է 4 տոկոսով։ Մահացության աճ է գրանցվել Ամերիկայում (18 տոկոս) եւ Հարավարեւելյան Ասիայում (11,6 տոկոս)։ Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում՝ հատկապես նկատելիորեն Աֆրիկայում (30 տոկոս), Արեւելյան Միջերկրածովում (22 տոկոս) եւ Եվրոպայում (17 տոկոս)։

Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է մեկ շաբաթում վարակումների ամենամեծ թվի մասին՝ 2 442 195։ Նրան հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) եւ Իտալիան (503 935)։ Չիլիում գրանցվել է յոթ օրում մահացածների ամենամեծ թիվը (11 858)։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) եւ Կորեայի Հանրապետությունը (2 471)։

Մարտի 29-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել 481 756 671 վարակվածի եւ 6 127 981 մահացածի մասին։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 342 231-ով, մահվան դեպքերինը՝ 2 841-ով։

Նմանատիպ նյութեր