211652_close_icon
views-count27173 դիտում article-date 15:18 11-03-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Էդգար Բաղումյան, դու մեզ գարուններ պարգևեցիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 10-ին, Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան մշակույթի տանը հուշի և մեծարման միջոցառում էր։ Այն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մասիսցի Էդգար Բաղումյանի ծննդյան 20-ամյակն։ 

Մինչ միջոցառումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների հիշատակը։ 

Հերոսի մեծարման հուշ-միջոցառմանը ներկա էին հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես նահատակվել են 44-օրյա պատերազմում։

Ներկա էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հերոսի ծնողներին ու ներկա գտնվող բոլոր հերոսածին մայրերին իր խոսքն ուղղեց։ 

Հուշ-միջոցառմանը ներկա էին նաև սիրված ու ճանաչված երգիչներ Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանը։ Գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներից մեկի դուստրը։ Թե Ռ. Հախվերդյանի, թե Դ. Ամալյանի, թե փոքրիկ հրեշտակի կատարումները ոչ միայն հուզեցին ներկաներին, այլև երկար ժամանակ չէին դադարում ծափերը։ 

Միջոցառման ժամանակ հուզիչ էր նաև Էդգար Բաղումյանի ընկերների անակնկալը՝ հերոսի մայրիկին։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էդգարին ճանաչողներն ասում էին. «Մեր քաղաքից էլ պակասեց մի գարուն, և դա Էդգար Բաղումյանն էր։ Նա շատ էր սիրում տարվա բոլոր եղանակները, բայց գարունը մի ուրիշ ձև էր ընդունում։ Հայ դասականներից գրեթե բոլորին գիտեր։ Կարող էր առանց ընդմիջման նրանց ստեղծագործությունները արտասանել, որոնք նվիրված էին գարնանը։ Գրեթե հաճախակի էինք լսում նրանից լեգենդար, մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրի «Թող գարունները գան ու չգնան» երգի տողերը, ու ամեն անգամ, երբ վերջացնում էր այդ տողերը արտասանել, ասում էր «ուզում եմ՝ Հայաստան աշխարհում, Արցախ երկրում միշտ գարուններ լինեն»։ Ի՞նչ իմանար, որ իր 20-ամյա գարունը նշելու ենք առանց իրեն։ Մենք Էդգարին ու նրա նման բոլոր հերոս ու  լեգենդ դարձած տղերքին բացակա չենք դնի։ Նրանք մեզ գարուններ պարգևեցին, ու նրանց շնորհիվ է, որ հիմա՝ գարնան այս օրով նշում ենք մեր սիրելի Էդգար Բաղումյանի 20-ամյակը»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ միջոցառումը, ներկաները նաև այցելեցին հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում։ 

***

Էդգար Բաղումյան Վրեժի

Ծնվել է 2002 թվականի մարտի 10-ին, Մասիսում քաղաքում։ 2007թ-ին հաճախել է Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մասիս քաղաքի Գյուղատնտեսական Քոլեջը և ստացել «Մենեջմենթ» որակավորում՝ ըստ ճյուղերի։

2020 թվականի հուլիսի 10-ին զորակոչվել է բանակ և ծառայել Արցախի Ստեփանակերտի «Հայկազով»զորամասում՝ որպես Դ_20ՀԴՆ2_րդ ՀԴ1 Հաշվարկի վարորդ Հաշվարկի համար։

Առաջին օրվանից մասնակցել է 44-օրյա պատերազմին և հմտորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝  մինչև զոհվելու օրը՝ հոկտեմբերի 28-ը:

Դ-20 ՀԴՆ 1-ին ՀՄ կազմում Էդգարը մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի և Ճարտարի համար մղված մարտական գործողություններին: Գտնվել է Ֆիզուլիում, այնուհետև տեղափոխվել է քաղաք Ճարտար:

Հանդիսանալով 2 ամսվա ծառայող և նշանակված լինելով վարորդի պաշտոնում՝ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է արիություն և խիզախություն, հակառակորդի հրետանու հուժկու հրետակոծության տակ ներդաշնակ գործել է հրանոթի հաշվարկի հետ:

32 օր տևած մարտական գործողությունների ընթացքում, մինչև իր կյանքի վերջին րոպեները, շարքային Էդգար Բաղումյանը բարեխղճորեն և բարձր պարտքի զգացումով կատարել է իր հայրենանվեր պարտականությունները. ճիշտ և ժամանակին զինամթերքը հասցրել է կրակային դիրք, ինչն էլ խթան է հանդիսացել հրանոթի հաշվարկի ներդաշնակ և ճշգրիտ կրակի վարման համար: Պաշտոնական պարտականությունները կատարել է լավ, մասնագիտությանը տիրապետում էր լավ և մշտապես հետևողական աշխատանք էր տանում մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:

Նա զոհվել է հոկտեմբերի 28-ին «Ալաբալի» կոչվող տեղանքում՝ հակառակորդի հրետանու կողմից արձակված արկի պայթյունից:

Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր