211652_close_icon
views-count26350 դիտում article-date 16:07 08-03-2022

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Կրեմլի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը շատ ավելի բարդ է, քան պարզապես Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների կարգավիճակը ճանաչելը:

«Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Հաղորդավարը հետաքրքրվել էր Ուկրաինայի ղեկավարից, թե «պատրա՞ստ եք ընդունել պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած բոլոր երեք պայմանները, որ Ուկրաինան պետք է փոխի իր սահմանադրությունը՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու համար, պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և ճանաչի արևելյան շրջանների (Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների) անկախությունը

Ի պատասխան Զելենսկին ասել էր. «Առաջինը՝ ես պատրաստ եմ երկխոսությանը, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ այդ հարցի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ժողովուրդը, որ ինձ ընտրել է: Եվ ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին՝ ես վաղուց եմ սառեցրել այդ հարցը՝ այն բանից հետո, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային: Դաշինքը վախենում է վիճահարույց հարցերից և Ռուսաստանի հետ առճակատումից, ՆԱՏՕ-ն ուզում է, որ երկիրը ծնկաչոք աղաչի իրեն ինչ-որ բանի համար, և մենք չենք ուզում լինել այդ երկիրը, և ես չեմ ուզում լինել այդպիսի երկրի նախագահ»:

Դեյվիդ Մյուիրը նաև ճշտող հարց է ուղղել Ուկրաինայի նախագահին, թե «ո՞րն է Ձեր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած նախապայմանների վերաբերյալ, Դուք ասում եք, որ պատրաստ չե՞ք ընդունել այդ երեք պայմանները»:

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում: Այնպես որ, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես դրանք ճանաչելը: Սա մեկ այլ վերջնագիր է, և մենք պատրաստ չենք վերջնագրերի: Եվ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը սկսի խոսել, սկսի երկխոսություն մեզ հետ», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ Դոնբասի հանրապետությունների անվտանգությունը ապահովելու նպատակով: Կրեմլի ղեկավարը շեշտել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» (ապառազմականացմանը) և «դենացիֆիկացմանը»: Դրանից օրեր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ճանաչել էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը և նրանց ղեկավարների հետ ստորագրել բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր, որոնք ֆորմալ հիմք տվեցին Ռուսաստանին Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու համար: Ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում ընթանում են 12 օր շարունակ:

Նմանատիպ նյութեր