211652_close_icon
views-count4409 դիտում article-date 15:50 27-02-2022

ԵՄ երկրները փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Գերմանիան Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, գրում է Tert.am-ը: Այս մասին հայտնել է  Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ երեկ Իսլանդիայի արտգործնախարար Թուրդիս Կոլբրուն Գիլֆադոտտիրը իր թվիթերյան օգտահաշվում հայտնել է, որ Իսլանդիան կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:

«Իսլանդիան որոշել է փակել իր օդային տարածքը ռուսական օդային տրանսպորտի համար՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,- գրել է նա։

Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Հանս Դալգրենը կիրակի շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Շվեդիան ևս կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Շվեդիան պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար», - ասել է նա և հավելել. «Ամենաարդյունավետ միջոցը կլինի ԵՄ երկրների կողմից համատեղ որոշում կայացնելը: Շվեդիան այժմ պնդելու է դադարեցնել ռուսական թռիչքները ԵՄ ներսում»:

Դանիան կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը՝ նշելով, որ Կոպենհագենը կպահանջի համաեվրոպական օդային տարածքը փակել Ռուսաստանի համար:

Ավստրիայի կլիմայի պաշտպանության, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Լեոնորա Գևեսլերը թվիթերյան իր օգտահաշվում գրել է, որ  Ավստրիան կփակի իր օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար:

Բելգիայի իշխանությունները ևս որոշել են փակել երկրի օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է թագավորության վարչապետ Ալեսքանդեր դե Կրոուն։

«Բելգիան որոշել է փակել իր օդային տարածքը բոլոր ռուսական ավիաընկերությունների համար»,- գրել է նա իր թվիթերյան օգտահաշվում:

Ավելի վաղ նման որոշումներով հանդես էին եկել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը։

Նմանատիպ նյութեր