211652_close_icon
views-count2458 դիտում article-date 17:17 26-02-2022

Արցախում ՊՈԱԿ-ի տնօրենը 26 միլիոն դրամից ավել գումար է հափշտակել

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հարուցված եւ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հիմնադրած պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով, 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում նրանց ձեւակերպել է հիշյալ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված տարբեր հաստիքներում եւ նրանց կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կազմակերպության միջոցներից վճարել է ընդհանուր 19.762.010 դրամ աշխատավարձ` այդպիսով կազմակերպությանը պատճառելով հիշյալ չափով գույքային վնաս:

Այս մասին հայտնում են Արցախի Դատախազությունից։

Նույն կազմակերպության տնօրենը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եւ յուրացման եղանակով իրեն վստահված գույքի հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու միասնական դիտավորությամբ, աշխատանքի ընդունվելու համար իրեն դիմած՝ հիմնական այլ աշխատանք ունեցող անձին մեկ ամբողջական հաստիքում ձեւակերպելու անհնարինության պատճառով մեկ այլ անձի կեղծ ձեւակերպել է այդ, իսկ իրեն դիմած անձին՝ 0,5 դրույքաչափով մեկ այլ հաստիքում, որից հետո 1 դրույքաչափով ձեւակերպված անձի անվամբ կազմված բանկային քարտը տրամադրել է իրեն դիմած անձին՝ այդ քարտային հաշվին փոխանցվող աշխատավարձը ստանալու համար, իսկ 0,5 դրույքաչափով ձեւակերպված աշխատողի անվամբ կազմված բանկային քարտը վերցրել է անձամբ ու ստացել եւ յուրացրել է այդ քարտային հաշվին փոխանցված գումարները:


Վերը նկարագրված արարքի հետեւանքով 2017-2021թթ. ընկած ժամանակահատվածում կազմակերպության տնօրենի կողմից յուրացման եւ վատնման եղանակով հափշտակվել է ընդհանուր 4.457.675 դրամ գումար:

Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր 839.447 դրամ գումար:

Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական նպատակով առեւտրային կազմակերպությանը փոխանցված 1.500.000 դրամ գումարը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին խանութից ապրանքը ձեռք բերված լինելու մասին, որից հետո կանխիկացրել ու հափշտակել է հիշյալ 1.500.000 դրամ գումարը:

21.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել կազմակերպության տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում եւ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականությամբ նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, պետական ծառայության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով եւ պետական շահերի պաշտպանության բաժինը:

 

Նմանատիպ նյութեր