211652_close_icon
views-count1899 դիտում article-date 20:59 24-02-2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մի խումբ դեսպանների ներկայացրել է Սիսիան-Քաջարան հատվածի ներդրումային ծրագրի մանրամասները

Հայաստանում հավատարմագրված դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այսօր կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդես։

Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարությունից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։ Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։

Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով. կառուցվելու է մոտ 60կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։ Նախարար Սանոսյանը, դիմելով դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին, նկատել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ մեր նպատակն է՝ շինաշխատանքների մրցույթին ներգրավել բազմափորձ և հզոր կարողություններ ունեցող շինարարական ընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցվելու է նոր ծրագծով, բավականին բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, և շինաշխատանքներում փորձառու շինարարական կազմակերպություն ներգրավելը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:

Շնորհանդեսի ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր