Մարտունի համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 9 ծրագիր՝ 3 միլիարդ 687 միլիոն դրամ ընդհանուր արժեքով
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 9 ծրագիր, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիարդ 687 միլիոն դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը,համայնքապետարանի կողմից ներկայացված ծրագրերն արդեն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը։ Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ,Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների ասֆալտապատում եւ Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Երանոս գյուղերում տարբեր փողոցների երթեւեկելի հատվածների ասֆալտապատում, ինչպես նաեւ Ծակքար համայնքում 6-րդ եւ 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 249 միլիոն 800 հազար դրամ։ Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է Մարտունու համայնքի Գարեգին Նժդեհ,Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան եւ Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում՝ սալարկմամբ։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 170 միլիոն դրամ։
Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Ծակքար եւ Ձորագյուղ գյուղերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 35 հազար դրամ։ Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է Մարտունու համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս գյուղերում խմելու ջրագծերի կառուցում եւ նորոգում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 303 միլիոն դրամ։
Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով նախատեսվում է Մարտունու համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր,Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում եւ նորոգում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 856 միլիոն դրամ։
Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով նախատեսվում է Մարտունու համայնքապետարանի շենքի, Ծովինարի Մշակույթի պալատի եւ Ծակքարի մշակույթի տան մասնակի վերանորոգումներ։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 184 միլիոն դրամ։
Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների ջեռուցման համակարգի ավելացում եւ թիվ 4 մանկապարտեզի 900 քմ․ շինության չվերանորոգված մասերի կապիտալ վերանորոգում, Վարդենիկ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգում, Արծվանիստ համայնքի մանկապարտեզի վերանորոգում, Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգում եւ ցանկապատի կառուցում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 577 միլիոն դրամ։
Սուբվենցիոն ութերորդ ծրագրով նախատեսվում է Մարտունու համայնքապետարանի, Ծովինարի մանկապարտեզի, Վարդենիկի երաժշտական դպրոցի եւ Աստղաձորի վարչական շենքի նիստերի դահլիճի կարիքների համար գույքի եւ տեխնիկայի ձեռքբերում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն դրամ։
Սուբվենցիոն իններորդ ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Գեղհովիտ, Աստղաձոր, Զոլաքար եւ Վարդենիկ բնակավայրերում գազի գծերի կառուցում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 95 միլիոն դրամ։Մարտունու համայնքապետարանի ներդրումը կազմելու է 1 միլիարդ 425 միլիոն 650 հազար դրամ։
«Ներկայացված բոլոր ծրագրերը կենսական կարեւոր նշանակություն ունեն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար։Այս պահին մեր կողմից սկսվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման գործընթացը։ Կարծում եմ, որ մեկ ամսից նախագծանախահվային փաստաթղերը պատրաստ կլինեն։ Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքների մեկնարկը կկարողանանք տալ ամռան սկզբներին, օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերի ավարտից անմիջապես հետո։ Այս ծրագրերի իրականացման արդյունքում մեր համայնքի բնակավայրերում էապես կբարելավվի կյանքի որակը, լուծում կստանան սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության բազմաթիվ հիմնախնդիրներ»,-նշեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։