211652_close_icon
views-count1583 դիտում article-date 18:55 21-02-2022

Երևանյան 90 շենքերում ավարտվել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը

Փետրվարի 20-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծն, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է, և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը լրացնելու սկզբունքով:
 
Խոսելով տրանսպորտային համակարգում առկա խնդիրների մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը առաջարկվող ժամանակավոր լուծումներին: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ վարորդներն առաջարկում են 100 դրամներն իրենց փոխանցել: Հրաչյա Սարգսյանը հաձնարարել է հսկողություն իրականացնել նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով և ընդգծել, որ քաղաքացիների վճարած գումարները բացառապես ուղղվում են ոլորտի բարեփոխումներին:

«Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով 15-20 տարի ոչինչ չի արվել, և բոլորին էլ պարզ է, որ առկա խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Համալիր լուծումներ տալու նպատակով համայնքն այսօր լուրջ ջանքեր է գործադրում: Նոր ավտոբուսներով շարժակազմի համալրմանը զուգահեռ՝ քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման, տոմսային միասնական համակարգով սպասարկման, երևանյան կանգառասրահների արդիականացումն ապահովելու և մի շարք այլ ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

***

«Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում են լուսավորության համակարգերի տեղադրման, ֆվ կայանների էլեկտրական մոնտաժելու և ցանցին միացնելու աշխատանքները:

***

«Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում կներդրվի հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ համակարգը ներդնելու նպատակով հանդիպումներ է ունեցել մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ:

***

Էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման նպատակով մեկնարկել է աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:

***
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ինքնասպասարկման տերմինալներով առանց վճարում կատարելու վարորդները փորձում են դուրս գալ կայանատեղիից, և արգելափակոցը չվնասելու համար աշխատակիցները ստիպված են լինում բացել ճանապարհը: Քաղաքապետը հորդորել է օրինախախտ քաղաքացիների նկատմամբ վարչարարություն կիրառել:

***

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանին՝ ասել է, որ բարդ աշխատանք է սպասվում: Հարկ է նշել, որ նախորդ խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին, քաղաքապետը սանիտարական մաքրման առնչությամբ դժգոհություն էր հայտնել: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:
 

Նմանատիպ նյութեր