211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:31 18-02-2022

«ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքը հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակները․ Պետնախարար

Քիչ առաջ Ազգային ժողովը ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի նախագծի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էինք կառավարությունում: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում։

«Այս օրենքը ոչ միայն պետության քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, այլ նաև կարգավորում է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրավահարաբերությունները, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակները:

Այդ օրենքը առնչվում է և՛ տնտեսական հարաբերություններին ու ընթացակարգերին, և՛ ընդերքի ու այլ բնական ռեսուրսների օգտագործմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բացի դրանից, կարևոր է հաշվի առնել, որ օտարերկրացիները պետք է մուտքի թույլտվություն ստանան ԱՀ կողմից՝ բռնազավթված տարածքներ այցելելու համար, իսկ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք՝ առնվազն տեղեկացնեն ԱՀ իշխանություններին:

Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանափակ իրավական մեխանիզմներ ունենք օրենքում նշված գործառույթները կատարելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք եղած իրավական ու քաղաքական մեխանիզմներն առավելագույնս օգտագործել այդ ուղղությամբ: Արցախի Հանրապետության տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Նշենք, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է այսօր՝ միաձայն քվեարկությամբ:

Նմանատիպ նյութեր