211652_close_icon
views-count1796 դիտում article-date 15:25 16-02-2022

Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհրդին որոշ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը բացարձակ օբյեկտիվ աշխատանք է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։

«Բացարձակ օբյեկտիվ աշխատանք է տեղի ունենում։ Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո, մեզ դիմում է  քաղաքացին՝ չենք տանում կարգապահական, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, քաղաքացին հիասթափվում է, տխրում է, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում գնում է։ Տանում ենք գործը ԲԴԽ, դատավորն է սկսում վրդովվել և որակում է իր նկատմամբ ճնշում։ Քիչ են տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում  մաքրել դատական համակարգը։ Շատ են տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն, և այլն։ Այս բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք մեր աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ փակելու ապօրինությունների դեմ դատական համակարգում։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»,- ընդգծեց Անդրեասյանը։

Անդրադառնալով որոշ ընդդիմադիր ուժերի մտահոգություններին, ովքեր դարձել են «արդար դատավորների մեծ պաշտպաններ»՝ Կարեն Անդրեասյանը նշեց, նրանք պետք է գոնե ամոթ ունենան և նորմալ աշխատանքը չվարկաբեկեն։

«Իսկ եթե վախենում են, որ գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր