211652_close_icon
views-count7244 դիտում article-date 10:41 16-02-2022

Պատերազմ չի լինի, լարվածությունը պահպանվելու է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կարող է սկսվել փետրվարի 16-ին, այսինքն՝ այսօր: Այդ լուրը հայտնել էին մի շարք արեւմտյան լրատվամիջոցներ: Համացանցային իրականությամբ ապրող աշխարհի բնակչության մի մասն այս օրերին զբաղվել է «doomsday scrolling»-ով, այսինքն՝ թափառել է կայքերով ու սոցիալական ցանցերով՝ աշխարհի վերջի մասին լուրեր փնտրելով: Դա միլիոնավոր մարդկանց ապրելակերպն է՝ մի կողմից վախ, մյուս կողմից՝ չարախնդություն: Այդ խառնուրդն այսօր լրատվական ամենավաճառվող ապրանքն է:

Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին խոսվում էր արդեն մի քանի ամիս, ընդ որում՝ նշվում էր, որ այդ հարձակումը տեղի կունենա Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո: Թե ինչու էր նման կանխատեսում արվում՝ դժվար է ասել: Բացառված չէ, որ գործում էր ինչ-որ պարզունակ զուգահեռականություն. եթե 2008-ին Վրաստան են ներխուժել Պեկինի Օլիմպիադայի ժամանակ, ապա հիմա էլ պիտի նույնն անեն:

Այդ ամբողջ ընթացքում Պուտինի, Մակրոնի, Բայդենի, ինչպես նաեւ այդ երկրների արտգործնախարարների պարբերական լարված զրույցների արանքում կողմերը հանդես էին գալիս կոշտ հայտարարություններով՝ անընդհատ բարձրացնելով խաղադրույքները: Այդ ամբողջ երկխոսության իմաստը, փոքր-ինչ պարզեցնելով, ներկայանում է բավականին զավեշտալի տեսքով. Ռուսաստանն ակնարկում էր, որ գուցեեւ ներխուժի Ուկրաինա, Արեւմուտքը պատասխանում էր, որ դա չի հանդուրժի: Ռուսաստանը հակադարձում էր՝ այդ ո՞ւմ եք սպառնում, ի՞նչ եք անելու, եթե ներխուժենք: Արեւմուտքը շարունակում էր սպառնալ՝ այ, որ ներխուժեք, այն ժամանակ էլ կտեսնեք: Ռուսաստան՝ բայց մենք չենք պատրաստվում ներխուժել: Արեւմուտք՝ ավելի լավ: Ռուսաստան՝ բայց որ ներխուժենք, ի՞նչ կլինի… Եվ այսպես շարունակ:

Ինձ թվում է՝ Ռուսաստանն այդպիսի քայլի գնալու ոչ պատճառ ունի, ոչ պատրվակ, ոչ էլ առանձնապես անհրաժեշտություն: Զելենսկին, թեեւ Սաակաշվիլիի նման պոպուլիստ է, բայց, ի տարբերություն Վրաստանի նախկին նախագահի, արկածախնդիր չէ: Նաեւ դյուրահավատ չէ՝ եթե ամերիկացի որեւէ պաշտոնյա նրան ինչ-ինչ զարգացումների դեպքում աջակցություն խոստանա, Ուկրաինայի նախագահը շատ չի ոգեւորվի: Ռուսաստանն էլ այն չէ, ինչ 2008 կամ անգամ 2014 թվականներին էր: Այլ պետության վրա բացահայտ հարձակման քաղաքական եւ տնտեսական գինը չափազանց բարձր է լինելու: Ավելին՝ Ռուսաստանը, կարծում եմ, չի կարողանա խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ լուրջ լծակներ չունի դրան հակազդելու:

․․․ Այդ իմաստով հետաքրքիր էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի զրույցը Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ իրենք լավ հեռախոսազրույց են ունեցել: «Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսաստանյան ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների մոտ ու այդ երկրի տարածքում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման ծավալներն ավելացնելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր