Դավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ․ միակ զավակն էր և խոստացել էր տուն գալ. այսօր նա կդառնար 21 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավաբան.net-ը գրում է. «Որ պահին հայտնվում էր կողքիդ` միանգամից կյանք էր բերում, ծիծաղ, անհնար էր առանց ժպիտի իրեն տեսնել»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի մորաքույրը՝ Տաթևիկ Երանյանը։
Դավիթը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին, եղել է դիպաուկահար։
Մայրն ասում է, որ որդու մեջ շատ սեր է եղել, ընկերասեր է եղել, շատ է սիրել նկարել։
«Մինչև պատերազմի սկսվելը, ասաց՝ այստեղ` դիրքերում մատուռներ ունենք, մի քանիսը վերանորոգել եմ և սրբապատկերներ եմ թողել»,-պատմում է մայրը՝ Նաիրա Խաչատրյանը։
Դավիթի զոհվելուց հետո ընտանիքի անդամները նրա գրպանում գտել են իր նկարած սրբապատկերներից մեկը, որը վերցրել էր մատուռից, որպեսզի չմնա թշնամուն։
35 օր Դավիթը պատերազմել է, մորն ասել է՝ մի գրամ հող չունենք էս թուրք շներին տալու։
«Իր երազանքն էր, որ տաներ ինձ Հադրութում ման տար, ասում էր՝ ուզում եմ դու գաս ու տեսնես՝ ինչ սիրուն քաղաք է Հադրութը, կպատմեմ՝ ոնց ենք պահել, ինչեր ենք արել։ Դա այդպես էլ երազանք մնաց, Դավոս էլ չկա, Հադրութն էլ չկա, ոչ մի բան չկա»,-ասում է մայրը։
Մայրը տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 31-ին։ Երբ արկերը թափվել են Դավիթի և զինակիցների վրա, 8 հոգի վիրավորվել են, նա 6 ընկերներին կարողացել է ճանապարհել հիվանդանոց, ինքը չի հասել հիվանդանոց՝ զոհվել է ներքին արնահոսությունից։
«Միակ զավակս էր, երբեք չեմ ասել՝ Դավ թաքնվի կամ քիչ արա, միշտ ասել եմ՝ ինչ անում ես արա, բայց հիշի, որ պետք է տուն գաս, ամենավերջում հիշի, որ ես քեզ եմ սպասում»,-ասում է մայրը։
Բժիշկը պատմել է, որ Դավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ։
Դավիթ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։
Մանրամասները՝ տեսանյութում