211652_close_icon
views-count2197 դիտում article-date 10:47 12-02-2022

Պատասխանատվությունը և մեղքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով։

Պատերազմի պատճառները, ընթացքը, արդյունքներն ուսումնասիրելու տեսակետից նման հանձնաժողովի ստեղծումը որեւէ իմաստ չունի: Փաշինյանը եւ նրա կուսակցությունը վաղուց արդեն տվել են բոլոր գնահատականները, իսկ հանձնաժողովը, ինչպես եւ կանխատեսվում էր, կազմված կլինի բացառապես ՔՊ-ականներից: Այդ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտարարել է՝ քանի որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, դա եւս մի ապացույց է, որ նրանք «մեղավոր են» պատերազմում պարտության մեջ:

Ըստ նույն խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ դա փախուստ է ընդդիմության կողմից՝ ցավալի իրականությանը չառերեսվելու նպատակով:

Կարելի է նախօրոք ասել, թե ինչ եզրակացությունների է հանգելու այդ հանձնաժողովը. հայկական բանակը սպառազինությամբ զիջում էր ադրբեջանականին, որովհետեւ «նախկինները» թալանել էին պետությունը եւ բանակը, ներկա իշխանությունը որեւէ տարբերակ չուներ պատերազմից խուսափելու եւ պատերազմում չպարտվելու, որովհետեւ «նախկինները» մինչեւ 2018 թվականի մայիսը ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների էին եկել ադրբեջանական կողմի հետ՝ հանձնելու այն ամենը, ինչը եւ հանձնվել է պատերազմի արդյունքում՝ ներառյալ Շուշին եւ Հադրութը (դասական տրամաբանության կանոնների տեսանկյունից առավել խոցելի եզրահանգում է):

Ինչի՞ համար է պետք հանձնաժողով ստեղծել, եթե դրա աշխատանքի արդյունքները հենց հիմա էլ կարելի է հրապարակել: Պատասխանը պարզ է՝ այդ «աշխատանքը» զուտ քարոզչական նպատակներով կազմակերպվող բեմադրություն է:

Քարոզչությունը այս պահին պետք է, որպեսզի հասարակությանը հրամցվի քարոզողների համար ձեռնտու պատկեր: Եթե իշխանությունը պատկաներ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, ապա նրանք վերը շարադրված անհեթեթությունները կփոխարինեին իրենց անհեթեթություններով: Օրինակ՝ որ Փաշինյանը վերցրել է 5 միլիարդ դոլարը եւ դրա դիմաց հանձնել Արցախը: Այսօր դյուրահավատ զանգվածին կերակրում են մի հեքիաթով, վաղը՝ մեկ ուրիշով:

Ինձ հետաքրքիր է այդ խնդրի բարոյա-հոգեբանական կողմը: Այդ առիթով ուզում եմ ներկայացնել մի պատմություն՝ առայժմ (տեղի սղության պատճառով) չմեկնաբանելով այն: Մի քանի տասնամյակ առաջ ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Ռիկյորը հրավիրվել էր դատարան՝ իր փորձագիտական կարծիքը հայտնելու: Գործի էությունը հետեւյալն էր. առողջապահության նախարարը փոխել էր արյան փոխներարկման կանոնները՝ ընդլայնելով դոնորների շրջանակը: Դրա հետեւանքով շրջանառության մեջ էր դրվել վարակված արյուն, ինչը բերել էր ողբերգական հետեւանքների:

Նախարարը կանգնել էր դատարանի առաջ: Ռիկյորը հանդես եկավ մի ամբողջ դասախոսությամբ, որն այնուհետեւ շարադրեց գրքի տեսքով: Իմաստը հետեւյալն էր՝ նախարարը պետք է պատասխա՛ն տա իր որոշման հետեւանքների համար: Բայց ապացուցել նրա մեղքը՝ հնարավոր չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր