211652_close_icon
views-count72697 դիտում article-date 22:01 04-02-2022

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. ճանշինի անպատասխանատու, ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին. օպերատիվ են գործել միայն փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան գրեթե 3 ժամից ավելի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում՝ Արարատի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ տանող ավտոճանապարհի Ելփինի  վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները,  ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել: Առավոտը ժամը 9:30-ից մոտ 3 ժամից ավելի բարձիթողի վիճակ էր տիրում: Ճանշինի պատասխանատուները ասես արջի քուն մտած լինեն:

Հետաքրքիր է, եթե տենդերը շահել եք ու պետության ու ժողովրդի առաջ պարտավորվել եք աշխատանքները կատարել առանց թերությունների, այդ դեպքում՝ ինչու է նման  քաոսային վիճակ տիրում: Ո՞վ է տեսել՝ 3 ժամից ավելի սպասենք, թե պետք է  ճանշինը իրենց ղեկավարի հետ բարեհաճեն ու մաքրեն  ճանապարհը մերկասառույցից, մշակման աշխատանքներ կատարեն: Ոչ  մի գրամ աղ ու ավազ լցված չի:

Բարոյական օգնություն ստացել ենք միայն Եղեգնաձորի հրշեջներից ու ճանապարհային ոստիկաններից:

Հիմա, եթե շտապօգնության կանչ լինի,  չգիտենք, թե սկոռիները երբ կհասնեն հիվանդին:

Ու դրա մեղավորն ու պատասխանատուն նշված ճանապարհը սպասարկող ճանշինն է:

Հիմա, եթե  ճանշինի պատասխանատուն այստեղ լիներ, նրա ճակատին կասեինք՝ իզուր չի ժողովուրդը ասում՝ կարմիր կովը իր կաշին չի փոխի, խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը կամ մի խելառ քարը գցում է, հարյուր խելոք չեն կարողանում այն դուրս բերել: Հիմա էս մեր հարյուր խելոքներով չգիտենք՝ երբ կբարեհաճի ճանշինը, որ  սկսեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ:

Խոսում են քաղաքակիրթ ու եվրոպական երկրներից: Էնտեղ եթե  էսպիսի բարձիթողի վիճակ լիներ, ապա ճանշինի ղեկավարը մի կլորիկ գումար  կմուծեր աշխատանքները թերի կատարելու համար, անհրաժեշտության դեպքում էլ՝  կազատվեր աշխատանքից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկում է «ՌաֆԳրիգ» ՍՊԸ-ն, ով պարտավորվել է Եղեգնաձորի վարչական տարածքի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկում՝ ձմեռային սեզոնի ընթացքում։ Իսկ նշված ՍՊԸ-ի տնօրենը Վայոց Ձորի մարզի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր