211652_close_icon
views-count905 դիտում article-date 10:25 01-02-2022

Նույն ռեժիմը, նույն կուսակցականները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայկական քաղաքական դիսկուրսում կան ընդամենը երկու տեսակի հայեր՝ «հայրենասեր», «ազգին նվիրված» եւ «թուրքեր», «դավաճաններ»: Բանավեճը գնում է այն մասին, թե ում պետք է կպցնել այդ պիտակները: Միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների դեպքում նույնպես աշխատում է այդ՝ չափազանց պարզունակ ու սուբյեկտիվ «երկճյուղումը» (դիխոտոմիան). կախված նրանից, թե արդյոք այս կամ այն պատվիրակի պահվածքը ձեռնտու է տվյալ քաղաքական խմբին՝ նրան կարելի է անվանել կա՛մ «ազգասեր», կա՛մ «դավաճան»:

Այդ իմաստով ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատանքը «դասական» օրինակներ է տալիս: Արդեն հեռավոր 2004 թվականին իշխանությանը դուր չէին եկել այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի քվեարկություններն ու ելույթները, եւ Բաղրամյան-26-ից «Զվարթնոց» օդանավակայան էին գործուղել «աշխատավորության ներկայացուցիչներին», որպեսզի նրանք ամոթանք տան «ադրբեջանական գործակալներին»:

2013 թվականին սպառնալիքներ էին հնչում ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հասցեին, որը հանդգնել էր «կեղտոտ լվացքը» դուրս հանել եւ «համագործակցել» ադրբեջանցի պատվիրակների հետ, բայց այդ անգամ ամեն ինչ ավարտվեց առանց պատգամավորի ուղղությամբ շպրտվող լոլիկների, ձվերի եւ կոպեկների:

Այժմ մենք ապրում ենք թվային դարաշրջանում եւ ֆիզիկական հետապնդումներին եկել է փոխարինելու, այսպես ասած, «կիբերբուլինգը», երբ ինչ-որ մի կենտրոնից հրահանգ ստանալով՝ սոցցանցերում հարձակում է սկսվում այս կամ այն անձի վրա: Ճիշտ նույն արտահայտություններով, ինչպես նախորդ երկու դեպքերում, անցած շաբաթ գրոհ էր սկսվել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Հայկ Մամիջանյանի վրա: Ճիշտ նույն ձեւով, ինչպես ժամանակին ՀՀԿ-ական պատգամավորներն էին դա անում, հիմա էլ ՔՊ-ականներն են իրենց պարտավորված զգում մի երկու «քաղցր խոսք» ասել Մամիջանյանի հասցեին՝ հիմա էլ նա է «ադրբեջանական գործակալ»: Ընդ որում, չեմ կասկածում՝ ով ավելի կոշտ բառապաշարով կարտահայտվի ընդդիմադիր պատգամավորի հասցեին, նա իր կարիերայում առաջ գնալու ավելի մեծ հնարավորություն կունենա: Ինչպես եւ ՀՀԿ-ի դեպքում, խոսում են ոչ թե խմբակցության բոլոր անդամները, այլ 10-15 հոգի, որոնք եւ կազմում են «կուսակցական ակտիվը»: 

Համաձա՞յն եմ ես Մամիջանյանի քվեարկության հետ, թե՞ ոչ՝ տվյալ պարագայում կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ՔՊ-ականների պնդումները, թե իբր իրենք ավելի ժողովրդավար են, ավելի ազատամիտ են, ավելի հանդուրժող, քան ՀՀԿ-ականները, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական ռեժիմն է նույնը, այնպես էլ՝ այն մարմնավորող իշխանությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր