211652_close_icon
views-count100089 դիտում article-date 09:40 13-01-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Nissan Tiida-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը  իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում   դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, ովքեր վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի  գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Մքոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել  է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում:

Օպերատիվորեն  ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս»  մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վնասված սյունը փոխելու ուղղությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան  քարշակով տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի  աշխատանքներ չի կատարել՝  ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու  ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը:

 Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին  ձյունը մաքրած  և ճանապարհը աղ ու ավազով մշակված է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր