211652_close_icon
views-count1953 դիտում article-date 18:56 10-01-2022

Էմին Օհանյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը:

Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Պատանի շախմատիստը մրցաշարի ընթացքում կարողացել է հաղթել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին և Աննա Սարգսյանին, ինչպես նաև միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Մամիկոն Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը:

​Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ. լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Անահիտ Մուրադյանը, ​լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Արեն Մնացականյանը, լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Աշոտ Սանթրոսյանը, իսկ​ լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Վաչե Քոչարյան​ը:

Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին մասնակցում են շուրջ 430 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:

Մրցաշարին մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ հետևյալ տարիքային խմբերով.

Ա-5 մրցաշար – մինչև 8 տարեկան պատանիներ,
Ա-4 մրցաշար – մինչև 10 տարեկան պատանիներ,
Ա-3 մրցաշար – մինչև 12 տարեկան պատանիներ,
Ա-2 մրցաշար – մինչև 14 տարեկան պատանիներ և աղջիկներ,
Ա-1 մրցաշար – մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ,
Բ մրցաշար – մինչև 12 տարեկան աղջիկներ:

Նշենք՝ հիմնական մրցաշարում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա. այստեղ ուժերն է չափում 10 ուժեղագույն շախմատիստ, ովքեր հաղթողին կորոշեն շրջանաձև մրցակարգով: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն է հաղթանակ տարել մեկնարկում՝ առավելության հասնելով իրանցի միջազգային վարպետ Ջավադ Ալավի Սայեդի նկատմամբ:

Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը` 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով):

Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարը կավարտվի հունվարի 16-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր