211652_close_icon
views-count1731 դիտում article-date 15:35 04-01-2022

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կրկին տևեց ընդամենը 1 րոպե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը: Իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել: Նշանակում է՝ օրակարգում մենք հարց չունենք»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ այդ խնդիրը այսպես թե այնպես կստանա իր իրավական լուծումը: Քոչարյանը հույս հայտնեց, որ մինչև իրավական լուծումը պետաիրավական հարցերի հանձնաժողովի իրավաբանները կհուշեն, թե ինչ իրավակարգավորմամբ կանցնեն այդ ձևական մասը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի վերջին  նիստերին «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել՝ պնդելով , որ իրենց թեկնածուին արդեն իսկ առաջադրել են և վերաառաջադրման պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է: Սակայն հետո հանձնաժողովի նիստում Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: Ըստ Քոչարյանի՝ ՔՊ խմբակցությունը չէր ներկայացրել թեկնածուին, որպեսզի հնարավորություն տար «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի:

Նմանատիպ նյութեր