Քանի Փաշինյանն ու նրա իշխանությունը կառավարող ուժ են, մոռացեք ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության կամ մեր հայրենակիցների բարեկեցության մասին․ Տիգրան Աբրահամյան. Tert.am
Այս իշխանության օրոք, բանակի լուրջ արդիականացում, բարեփոխումներ հնարավոր չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ քանի Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը կառավարող ուժ են, պետք է մոռանալ Հայաստանի ու Արցախի անվտանգության կամ մեր հայրենակիցների բարեկեցության մասին։
-Անվտանգության ապահովման համար 2022 թ-ին առաջնահերթ ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, արդյոք կառավարության ներկայացրած ռազամավարությունը այս ուղղությամբ բավարար համարու՞մ եք։ Բանակի մարտական ոգին վերականագնելու համար հասարակությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի․
-Նախ մինչև հիմա կառավարությունը ռազմավարություն չունի, այն ինչ արտացոլված է կառավարության ծրագրերում այդ ուղղությամբ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի իրականացնում: Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը մինչև հիմա պատրաստ չէ ու դա այն դեպքում, որ 3-4 ամիս առաջ պետք է հաստատված լիներ:
Ինչ վերաբերվում է բանակի ոգու վերականգնմանը, բարձրացմանը, ապա այս իշխանության քաղաքականությունը լրիվ հակառակի մասին է խոսում, ինչի արդյունքը պարտված պատերազմն է, իսկ հետպատերազմական իրավիճակում ՀՀ սուվերեն տարածքների կորուստերն ու տասնյակներով գերեվարման փաստերը:
Այս իշխանության օրոք, բանակի լուրջ արդիականացում, բարեփոխումներ հնարավոր չէ:
-Ի՞նչ վտանգներ են առկա արագացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում։
Իշխանությունը շարունակ խոսում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, սակայն մինչև հիմա ոչ մասնագիտական, և ոչ էլ քաղաքական հաշվարկ ունի, թե որ դեպքում ինչ արդյունք կլինի:
Առ այս պահը դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքերով, ինչ սկզբունքներով է իրականացվելու այդ գործընթացը: Այն ինչի մասին խոսում են իշխանությունը ներկայացնող առանձին դեմքեր Հայաստանի նոր տարածքային, դիրքային և ռազմավարական կորուստներ են բերելու:
-ՀՀ սահմանագծի այն հատվածներում, որտեղ նոյեմբերի 9-ից հետո հայտնվել է նաև թշնամին, ապառազմականացված գոտու անհրաժեշտություն չե՞ք տեսնում։
Ապառազմականացման մասին խոսում եմ արդեն մեկ տարի ու դա առաջին հերթին վերաբերվում է Արցախին: Ինչու Արցախին, որովհետև այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ իրականացնում են ռուս խաղաղապահները և այնտեղ այդպիսի մեխանիզմների գործարկումն ավել հեշտ ու արդյունավետ կլինի: