211652_close_icon
views-count2548 դիտում article-date 14:48 31-12-2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, փրկարար ծառայողներ, վետերաններ, ավարտվում է 2021 թվականը։

Անցնող տարին բնութագրվեց աշխարհը պատուհասած համաճարակի հաղթահարմանը, հետպատերազմական խնդիրների լուծմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։

Չնայած դրանց, վստահաբար կարող եմ ասել, որ դուք պատվախնդրորեն եք կատարել ձեր վտանգաշատ աշխատանքը՝ վերահաստատելով կառույցի մարդասիրական առաքելությունը:

Շոշափելի են հաջողությունները փրկարարի մասնագիտական զարգացման, ծառայության տեխնիկական վերազինման, համայնքների հետ համագործակցության նոր նշաձող սահմանելու, քաղաքացիական պաշտպանության, հանրության իրազեկման ուղղություններով:

Փաստ է, որ համակարգն այսօր անվերապահորեն վայելում է հասարակության վստահությունը և դա յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի, անձնուրաց և նվիրումով աշխատելու արդյունքն է:

Սիրելի՛ գործընկերներ, 2022 թվականին մենք պարտավոր ենք գնալ լրջագույն բարեփոխումների, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները, առավելագույնի հասցնել յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը՝ ապագայի հանդեպ։

Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն համատեղ ջանքերի շնորհիվ։

Ես համոզված եմ, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, հայոց պետականության հետագա ամրապնդման միակ ճանապարհը՝ յուրաքանչյուրիս բարեխիղճ, տքնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է մեր գործին:

Ամանորյա տոները բոլորիս համար հույսի, վերականգնման և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդ ունեն։

Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով։

Մաղթում եմ, որ գալիք տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն և նոր ձեռքբերումների վճռականություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Նմանատիպ նյութեր