211652_close_icon
views-count1606 դիտում article-date 22:37 23-12-2021

Ցեղասպանությունից հետո մերձավորարևելյան երկրներն անտուն հայերին ընդունեցին որպես իրենց եղբայրներ ու քույրեր. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ն այսօր հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Ստորև թարգմանաբար ներկայացվում են հարցազրույցի՝ Հայաստան- Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի ներդրումային հնարավորություներին վերաբերող հատվածները.

Ֆայսալ Աբբաս - Դուք խոսեցիք Սփյուռքի մասին: Ցանկանում եմ խոսել մի հարցի մասին. խոսքը լիբանանահայության մասին է: Ինչպես գիտեք, Լիբանանը շատ դժվարին ժամանակաշրջան է ապրում, հետաքրքիր է, որ պատմությունը հակառակ ուղղությամբ է շրջվել: Հայերը ժամանակին գաղթել էին Լիբանան՝ սկիզբ դնելով տեղի հայկական համայնքին, իսկ հիմա, կարծես թե թվում է, միգրացիոն հակառակ գործընթացն է տեղի ունենում դեպի Հայաստան: Մեծ թվով լիբանանցիներ ու լիբանանահայեր գալիս են այստեղ: Գուցե կա նախաձեռնություն՝ աջակցելու Լիբանանին, ինչպես նաև՝ լիբանանահայերին, ովքեր գալիս են Հայաստան:

Նախագահ Սարգսյան - Նախ, սա հնարավորություն է ինձ համար շնորհակալություն հայտնել առհասարակ արաբական աշխարհին, Մերձավոր Արևելքին, այդ թվում և՝ Ծոցի երկրներին այն բանի համար, ինչ արել եք ավելի քան 100 տարի առաջ, երբ հայերը լքում էին իրենց տները Թուրքիայում և փոխարենը նոր տուն գտան Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Ծոցի երկրներում, այդ թվում և՝ Սաուդյան Արաբիայում: Ցանկանում եմ հնարավորությունից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր մերձավորարևելյան երկրների, մասնավորապես, արաբական երկրների ազգերին ու ղեկավարներին, ովքեր այդքան եղբայրաբար վերաբերվեցին մեզ: Դրանք երկրներ էին, որտեղ հիմնական կամ միակ կրոնն իսլամն էր: Նրանք անտուն հայերին, ովքեր քրիստոնյաներ էին, ընդունեցին որպես իրենց եղբայրներ ու քույրեր:

Ինչ վերաբերում է ներկայում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ որոշ վայրերում դրանք նույնքան ողբերգական են, որքան այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ կապված ղարաբաղյան պատերազմի հետ: Օրինակ՝ Սիրիան. խոսքը միայն պատերազմի, մարդկային կորուստների, տարբեր մասերից ներխուժումների մասին չէ: Մենք՝ հայերս, կորցնում ենք մեզ համար շատ կարևոր ու հսկայական մշակութային հիմք:

Մենք պետք է անենք ինչ-որ բան, ամենակարևորը՝ աջակցենք Լիբանանում մեր համայնքին, որ մնան այնտեղ, քանի որ այնտեղ նրանց ստեղծած արժեքները շատ կարևոր են: Կարծում եմ՝ անթույլատրելի կլինի, եթե նրանք լքեն այդ ամենը: Ես բազմիցս եղել եմ Լիբանանում, դա հիանալի երկիր է: Ես այնտեղ եղել եմ 1990-ականների սկզբին, երբ այն հիշեցնում էր Նագասակին ատոմային ռումբի պայթյունից հետո...

Իսկ եթե հետ գնանք ընդամենը 5, 10 տարի առաջ, դա երկիր էր, որտեղ բոլորն ապրում էին ներդաշնակորեն: Նրանք սխալներ թույլ տվեցին ֆինանսական հարցերում, սահմանադրության կառուցվածքի և իրենց հարաբերությունները վարելու ձևի պատճառով: Ես շատ կուզեմ օգնել հայ համայնքին, որպեսզի նրանք շարունակեն մնալ այդտեղ:

Դա է իմ ուժը՝ փոքր պետություն, բայց՝ համաշխարհային ազգ: Իմ թիրախն է նաև Սահմանադրության փոփոխումը, քանի որ գործող Սահմանադրությամբ արտերկրում բնակվող հայը չի կարող դառնալ նախարար, քանի դեռ վերջին 4 տարին չի բնակվել միայն Հայաստանում և չունի միայն հայկական անձնագիր...

Մինչդեռ պետք է ամեն բան հակառակը տեղի ունենա, պետք է մարդկանց բերել, ովքեր հաջողակ են ողջ աշխարհում: Կան հարյուրներով, հազարներով փորձառու մարդիկ, ում մենք չենք օգտագործում: Պատկերացրեք՝ Ծոցի երկիր, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Մենք հենց այդպիսի երկիր ենք: Մեր նավթը մարդիկ են ողջ աշխարհում, սակայն մենք նրանց արդյունավետ չենք օգտագործում, այդ պատճառով էլ ես ցանկանում եմ փոխել Սահմանադրությունը:

Հայաստանը փոքր երկիր է: Ես ուրախ կլինեմ, որ Ծոցի երկրները ներդրումներ անեն Հայաստանում՝ այնպիսի ոլորտներում, որը շահեկան կլինի նաև նրանց համար:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միակ պետությունն է այդ կառույցում, որ սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ: Մենք նրանց հետ կնքել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Ծոցի երկրի համար դա կարող է հետևյալ նշանակությունն ունենալ. երկիրը կարող է իր ընկերությունը գրանցել այստեղ, այստեղից իրականացնել բիզնեսը, և քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի միջև չկան հարկային ու մաքսային տարբերություններ, Հայաստանը կարող է դառնալ դարպաս...

Եթե ինձ հարցնեն, թե որտեղ պետք է ներդրում անել, ես կասեմ՝ գիտության և տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր