211652_close_icon
views-count1263 դիտում article-date 09:55 23-12-2021

Դիվանագիտության մեջ մանրուքներ չկան. «քայլողների» կողմից քայքայվող հերթական «դաշտը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնականաբար, Հայաստանը չունի այնպիսի հզոր տնտեսական ու ֆինանսական լծակներ, որպեսզի ազդի միջազգային քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող երկրների և այլ ուժային կենտրոնների արտաքին քաղաքական գծի վրա։ Եվ այս պայմաններում Երևանին մնում է մի կողմից՝ գործի դնել տարբեր երկրներում հայկական սփյուռքի ունեցած հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ հայ դիվանագետների անհրաժեշտ հմտությունները։

Բայց սփյուռքի հետ տարվող աշխատանքների հարցում տեղաշարժ չի նկատվում, իսկ դիվանագետների՝ մասնավորապես դեսպանների հմտությունների մասով խայտառակ իրավիճակ է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը ժամանակին քննադատում էր դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումները, ապա իր պաշտոնավարման օրոք քաղաքական նշանակումների ֆոնին պրոֆեսիոնալ դիվանագետները մեծամասամբ հետին պլան են մղվել։ Այն իշխանականները, որոնք ձախողել են իրենց առաքելությունը կամ չեն կարողացել դրսևորվել քաղաքական դաշտում, հերթով դեսպանների պաշտոններում են նշանակվում։ Օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Դրա համար էլ դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունները կամ զիջումները հետևում են մեկը մյուսին։ Այս իրողությունը մյուս կողմից էլ պայմանավորված է նրանով, որ Փաշինյանին թվում է, թե ինքը արտաքին քաղաքական հարցերի գիտակ է, ինչի արդյունքում սեփական սիրողական մոտեցումները պարտադրում է աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետներին, ինչը, մեղմ ասած, նյարդայնացնում է վերջիններիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական անձնակազմի շրջանում բազմիցս դժգհությունների սուր դրսևորումներ, անգամ «բունտեր» են արձանագրվել։ Այս համատեքստում նույնիսկ ականատես ենք եղել արտգործնախարարների հրաժարականների, երբ նրանք հրապարակավ ներկայացրել են վարչապետին հակադիր իրենց տեսակետները։ Ուստի, իր թիմակիցներին խցկելով դիվանագիտության ոլորտ՝ Փաշինյանը մի կողմից նրանց ցույց է տալիս, որ մեծ լավություն է անում կամ պարգևատրում է, որպեսզի պարտական լինեն իրեն, մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ, գլուխ չհանելով արտաքին քաղաքականությանը վերաբերող նրբություններից, հլուհնազանդ անելու են այն, ինչ իրենց պարտադրում են վերևից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր