Մեծանուն երգիչը չարանենգությանն ի պատասխան՝ բարոյականության դաս է տվել. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ մարդու փաստաթղթերում նշված ծննդյան օրը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, մեծանուն Հովհաննես Չեքիջյանը ծննդյան օրվա շնորհավորանքներ է ստանում դեկտեմբերին եւ հունվարին։ Ընդ որում, մաեստրոն դեկտեմբերի 23-ին կդառնա 93 տարեկան։ Դեկտեմբերի 12-ին էլ լրացավ մեր մյուս մեծանուն արվեստագետի՝ Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 80-ամյակը։ Սակայն ըստ մեր հավաստի տեղեկության, սիրված երգչի հոբելյանը կնշվի 2022թ. հունվարի 12-ին, Ազգային օպերային թատրոնում։ Այդ առիթով ժամանակին երգիչը մեզ հայտնել էր, որ ծնվել է Երեւանում, 1941թ., դեկտեմբերի 12-ին, երբ հայրը արդեն զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում։ Տարիներ անց ինքը փոխել է իր ծննդյան օրը՝ դարձնելով հունվարի 12՝ հոր ծննդյան օրը, այդպիսով կարծես նրա նկատմամբ կարոտը մեղմելով եւ հիշատակը վառ պահելով, նաեւ կատակել էր, թե մեկ ամսով փոքրացրել է տարիքը։ Հիշում ենք երգչի հետ հարցազրույցներից մեկում նրա արտահայտած հետեւյալ միտքը. «Եթե ուզում ես դուրս կորզել հայ երգի մեջ ներդրված հույզն ու իմաստը, դրանով հուզել ունկնդրին, մի փնտրիր շռայլ գեղգեղանքներ, քաղցրածոր ելեւէջներ, փնտրիր միայն պարզություն, մի անբասիր նրբերանգ եւ, եթե կարողացար գտնել ու շեշտել այն, երգը կդառնա մի կենդանի, ոգեշունչ խոսք, հույզ, պատկեր…», որը յուրօրինակ հեռակա վարպետության դաս է, հատկապես երիտասարդ երգիչների համար։ Իսկապես, հայ երգը որքան բազմախորհուրդ ու հուզական, որքան հախուռն ու ջերմ, որքան զգայուն ու նրբանկատ, այնքան էլ հստակ է, ջինջ, պարզ եւ տարբերվում է իր արտահայտչամիջոցների չափի զգացմամբ։ Իսկ դա հարազատ է Ռուբեն Մաթեւոսյանի ողջ էությանը։ Եվ այդ է պատճառը, որ նա ոչ միայն հայ երգի անգերազանցելի կատարող եղավ, այլեւ շատ երկար ժամանակ մնալու է այդ երգի կրողը։ Երգչի անսպառ բարեմասնությունների զուլալ ակունքը ժողովրդական երգն է, որի զորեղ դարբնոցում են կոփվել առաջին բեմելից՝ 1961թ., նրա կյանքն ու տաղանդը… Մանկուց ունկնդիր լինելով իր ժողովրդի հույզերի արձագանքին, նա տարիներ շարունակ լսեց այն, սովորեց, ուսումնասիրեց, երգեց, իր երգածը շտկեց ու հղկեց այնքան, մինչեւ որ այդ երգերի մեջ մարմնավորված բյուրեղյա հույզերն ու զգացումները իսկական բյուրեղ դարձան։ Նա մի կողմից մշակում էր իր կատարողական հնարավորությունները, որովհետեւ միայն լավ մարզված երգային գործիքի՝ կոկորդի միջոցով է, որ կարելի է իրագործել գեղարվեստական մտահղացումները, մյուս կողմից՝ խորանում ազգային երաժշտության բնույթի ու առանձնահատկությունների ուսումնասիրության, դրանց ընկալման մեջ»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբուր կայքում։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբուր կայքում։