211652_close_icon
views-count1884 դիտում article-date 18:42 08-12-2021

Գերիների վերադարձի համար ամեն օր աշխատանք է տարվում, գերեվարման դեպքերը հետաքննվելու են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի համար ամեն օր աշխատանք է արվում. գերեվարվելու հանգամանքներիը պարզելու համար հետաքննություն տարվել է, տարվում է և տարվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասել է, որ բոլոր գերիներն իր համար հարազատ են և պատրաստ է իր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո ասել է, թե գերիները կներեն, եթե ևս 2 ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասել, որ պետք է քննել գերի ընկնելու հանգամանքները: Նա հետաքրքրվեց, թե ինչպիսին է Փաշինյանի դիրքորոշումը գերիների վերաբերյալ:

Վարչապետն էլ արձագանքեց. «Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում: Այդ առաջարկն այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ դա որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ է:

Նա վերահաստատեց նաև, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, զարմացավ, թե ինչն է այդտեղ զարմանալի: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն:

Դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ վարչապետն ասաց. «Եթե ձեզ այդ իրավիճակներն այդպիսի տոնայնությամբ հետաքրքիր են նրա համար, որ այստեղ-այնտեղ ասեք, որ վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, չկրակեն, գերի հանձնվեն, գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն: Եթե եղել է նման հրաման, նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց այդ ամեն ինչը բացարձակ իրականության հետ կապ չունի: Մենք պարզ բան ենք ասում, որ զինվորականն ունի պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է. մենք հայտարարել ենք, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում՝ գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննություն չի արվելու, իհարկե արվել է, արվում է և արվելու է»:

Փաշինյանը վստահեցրեց նաև, որ գերիների ծնողների հետ տասնյակ անգամներ հանդիպել է:

Վարդանյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը ո՞րտեղ է եղել: Վարչապետն արձագանքեց, որ նոյեմբերի 9-ից առաջ էլ, հետո էլ իր պաշտոնավարման դիրքերում է եղել և ոչ մի վայրկյան դրանից չի կտրվել: «ՀՀ-ում էի, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի: Իսկ, թե ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի, իմ որոշումն է»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր