«Ինձ կանչել են փոխմարզպետի աշխատասենյակ լայք դնելու համար». ինչու է աշխատանքից ազատվել պոլիկլինիկայի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
forrights.am-ը գրում է. Վանաձորում նախընտրական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անհանդուրժողականություն են դրսեւորում: Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանն ահազանգում է, որ իրեն աշխատանքից ազատել են անօրինական:
Սյուզաննա Բալայանը պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանի՝ նոյեմբերի 24-ին կայացրած որոշմամաբ: Ըստ մարզպետի պաշտոնակատարի՝ Սյուզաննա Բալայանի աշխատանքից դժգոհություններ կան:
Սյուզաննա Բաբայանը, սակայն, իրեն աշխատանքից ազատելու լրիվ այլ պատմություն է ներկայացնում: Օրերս Հակոբ Մկոյանը՝ Վանաձորի բնակիչ, Ֆեյսբուք սոցալական ցանցում հրապարակել է լուսանկար, որում Լոռում ՔՊ-ական մարզպետ, Վանաձորի համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նախընտրական պաստառն է՝ պատառոտված եւ գետնին գցված: Օգտատերը նախ դիտողություն է անում աղբը գետին գցելու համար եւ քաղաքական մեկնաբանություն թողնում: Հակոբ Մկոյանի այս գրառումը հավանել է Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապեւտ Մարինա Սերոբյանը, ինչն էլ չի վրիպել Լոռու ՔՊ-ականների աչքից:
«Ինձ զանգեց մարզպետարանի Առողջապահության եւ սոցալական հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի քարտուղարուհին ու ասեց, որ բժշկի հետ գնանք մարզպետարան: Այդ հրապարակման մեջ Արամ Խաչատրյանի նկարն է եղել եւ գրված, որ աղբը պետք է լինի աղբամանում: Մեր բժշկուհին լայքել է այն իմաստով, որ պետք չէ աղբը գցել գետին, իսկ մարզպետարանում լրիվ այլ իմաստով են հասկացել: Մտածել են՝ դա անձին է վերաբերվում եւ պետք է ազատվի: Մենք քննարկեցինք եւ ես ասացի, որ սա այն հարցը չէ, որ պետք է բժշկուհին ազատվի աշխատանքից՝ այն էլ այս կորոնավիրուսի ծանր շրջանում»,- ասում է Սյուզաննա Բալայանը:
Նախկին տնօրենը պատմում է, որ փոխմարզպետին եւ վարչության պետին առաջարկել է, որ ինքն ու բժշկուհին ներողություն խնդրեն Արամ Խաչատրյանից, եթե նրան այդ լայքով վիրավորել են: Ըստ Սյուզաննա Բալայանի, իր առաջարկության հետ կապված քննարկում են իրականացրել եւ արդեն իրեն պահանջել աշխատանքից ազատման դիմում գրել: «Եկան ասացին՝ բժշկուհուն նկատողություն տվեք, իսկ դուք դիմում գրեք, հեռացեք: Իմ հարցերին՝ ինչու պետք է հեռանամ աշխատանքից հստակ պատասխաններ չտրվեցին»,- ասաց բժշկուհին եւ նշեց, որ դիմում ներկայացրել է, բայց մեկ օր հետո գնացել եւ հետ է վերցրել, սակայն, նա ազատվել է աշխատանքից մարզպետի պաշտոնակատարի որոշմամբ:
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասներն՝ այստեղ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակազմն նոյեմբերի 25-ին կրկին բողոքի ցույց ու գործադուլ էր իրականացրել՝ պահանջելով աշխատանքի վերականգնել մարզպետի որոշմամբ օրեր առաջ աշխատանքից ազատված տնօրեն Սյուզաննա Բալայանին:
Մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ՝ նոր տնօրեն է նշանակվել Վանաձորի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, սոնոգրաֆիստ Անահիտ Դարբինյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի