211652_close_icon
views-count11871 դիտում article-date 16:22 25-11-2021

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» հարցերով. Փաշինյան

«Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա ու հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» ու այլ հարցերով, դրա համար մենք դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասից»։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

Վարչապետի խոսքով՝ կրթական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է ու այդտեղ պետք է կառավարությունը ունենա որոշակի լծակներ՝ վարելու այդ քաղաքականությունը:

Նա ասաց, թե նշանակված տնօրենները մեկ տարվա ընթացքում լինելու են անձեռնմխելի, իսկ մեկ տարուց հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ներառական կրթության հատվածում նախատեսում են ֆինանսավորման նոր և լրացուցիչ մեխանիզմներ։ Նա նկատեց, որ դեպքեր կան, որ դպրոցի տնօրենը տասնյակ տարիներով տնօրեն է, և եթե մարդ որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը, պետության սահմանած նշաձողերը ապահովում է, ապա կարող է աշխատել։

«Սա լրջագույն բարեփոխում է: Իհարկե, հեշտ չի լինելու, որովհետև ամեն փոփոխություն խնդիրներ է բերելու, բայց մենք պետք է ունենանք վճռականություն՝ այդ ճանապարհով գնալու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին և այն համարեց անհետաձգելի:

Նմանատիպ նյութեր