211652_close_icon
views-count2182 դիտում article-date 21:23 18-11-2021

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին

բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։
Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման գործում։  
 
Վահագն Խաչատուրյանը Չի-Ֆուն Չանին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ խորհրդային տարիներից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Նախարարը խոսել է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության, դրանում տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին, շեշտել, որ ՀՀ կառավարությունը ԲՏԱ նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել Հայաստանում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերին, նշել, որ նպատակային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ բիզնեսով զբաղվելը, գիտելիքները կիրառելը շատ ավելի  նպաստավոր և շահեկան լինի։
 
«Երբ երկիրն ազատ է, երբ մարդիկ ազատ են մտածում, ազատ գործելու հնարավորություն ունեն, տնտեսության օրենքները թափանցիկ են, քաղաքական ճնշում չկա՝ մեծ է երկիրը զարգացնելու ներուժը։ Այսօր Հայաստանն այդ փոխակերպման փուլում է, և այդտեղ մեծ է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունը»,-նշել է նախարարը։
 
Չի-Ֆուն Չանը խոսել է Հայաստանի մասին ունեցած իր տպավորություններից, նշել, որ  առաջին անգամ Հայաստան է եկել 17 տարի  առաջ:
 
«Շատերն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Հայաստան, որտե՞ղ է այն, և ես ստիպված բացում էի քարտեզը: Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին. որոշ տեղեկություն ունեի, որ առաջին քրիստոնիա երկիրն է։ Շատ տպավորված էի երկրի պատմությամբ, բայց ինձ ամենից շատ տպավորեց այն հանգամանքը, որ մարդիկ գնահատում և արժևորում են կրթությունը և շատ ընտանիքակենտրոն են»:
 
Չինացի գիտնականը, նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ տաղանդներ կան, որոնց պետք է հնարավորություն տալ դրսևորվելու արտաքին շուկաներում, առավելագույնս օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների պատմության, տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման, փիլիսոփայության ու քաղաքականության, մարդկանց միջև փոխհարաբերությունների, մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ Վահագն Խաչատուրյանն ու Չի-Ֆուն Չանը համոզմունք են հայտնել, որ տեխնոլոգիաները չպետք է փոխարինեն մարդկային շփումներին, որ տեղեկատավական տեխնոլոգիաներն ուղղակի գործիք են, որոնք բարելավում են մարդկանց կյանքն ու կենսակերպը: 
 

Նմանատիպ նյութեր