211652_close_icon
views-count4875 դիտում article-date 21:04 16-11-2021

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի պարգևատրության ժամանակ կրած՝ Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկը նվիրեց Զինվորի տանը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռիոյի ՕԽ-ի ոսկե մեդալի պարգևատրման արարողության ընթացքում կրած շապիկը, որի վրա Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը ներկա էին Ռոբերտ Աբաջյանի ծնողները, Արթուր Ալեքսանյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկորդ Արմեն Մուրադյանը: Վերջինս շեշտեց, որ հատկապես այսօր, երբ երկրի ինքնիշխան սահմանները Ադրբեջանի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, պետք է միասնական լինել:

«Թող սուրբ լինի բոլոր նրանց հիշատակն, ովքեր զոհվեցին, նահատակվեցին հանուն իրենց երկրի ազատության, անկախության և արժանապատվության: Ռոբերտ Աբաջյանի նման հերոսները թող լույս լինեն այս պայքարում և թող լույսերի մեջ մնան: Ռոբերտը մեզ համար օրինակ դարձավ`հայրենիքը սիրելու, ընկերներին սիրելու օրինակ»,-ասաց Մուրադյանը:  

Ռոբերտ Աբաջյանի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը նշեց, որ հայրենիքը շարունակելու է լինել իր հերոսներով: «Իր ծննդյան օրերին միշտ մի ինչ-որ շոր կամ այլ բան էի գնում, հիմա գիրքն է լույս տեսել և նաև այս կերպ, ինչ-որ բան եմ անում նրա համար: Ինչ էլ անեմ, մեկ է` քիչ է»,-ասաց նա:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շեշտեց, որ իր խոնարհումն է բերում հերոսացած Ռոբերտի ծնողներին և մյուս զինվորներին, ովքեր ընկան հանուն հայրենիքի: «Անկեղծ ասած, այս շապիկն ուզում էի նվիրել Ռոբերտի ծնողներին, բայց տեսնելով այս սրահը, այն նվիրում եմ Զինվորի տանը»,-ասաց նա:

Նոյեմբերի 16-ը Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 25 տարեկան:

Նմանատիպ նյութեր