211652_close_icon
views-count10456 դիտում article-date 16:54 30-10-2021

Ինչպես չկալանավորվեց Վանո Սիրադեղյանը. aravot.am

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սկզբունքայնությունից մինչեւ Հրանտ Մաթեւոսյանի հանձնարարություն. 20 տարի անց Հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում մահացավ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ, իսկ 1990-92 եւ 1997-2000 հատվածներում՝ կուսակցության վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը:

Հայաստանի անկախության առաջին տասնամյակում նա մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել՝ Ներքին գործերի նախարար, Երեւանի քաղաքապետ, նախագահի խորհրդական:

Հայաստանում 1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց որոշ ժամանակ անց Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով. հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից եւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Սիրադեղյանի նկատմամբ հետապնդումները հասան իրենց գագաթնակետին:

2000-ի ապրիլին Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից: 2000թ. հոկտեմբերին Ազգային ժողովը Սիրադեղյանի բացակայությունները համարեց անհարգելի, որի հետեւանքով նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ արդյունքում խորհրդարանը բավարարեց Սիրադեղյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Նա մինչ այժմ հետախուզման մեջ էր:

Այս իրադարձությունները զուգահեռվել են բավական ուշագրավ իրադարձություններով, որոնցում ծանրակշիռ դերակատարում է ունեցել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ նախագահ Վիկտոր Դալլաքյանի գլխավորությամբ: Վանո Սիրադեղյանին կալանավորելու քաղաքական հրահանգն ի սկզբանե նախատեսվում էր կյանքի կոչել՝ օգտագործելով պատգամավոր Վանո Սիրադեղյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու հարցը: Քննարկումներ են եղել ԱԺ հենց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 1999 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, Վանո Սիրադեղյանը եղել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1999-2003 թվականներին այդ հանձնաժողովի նախագահը Վիկտոր Դալլաքյանն էր: Տպավորիչ էր նաեւ հանձնաժողովի 32 հոգանոց կազմը. Վազգեն Մանուկյան, Արշակ Սադոյան, Սասուն Միքայելյան, Աղվան Վարդանյան, Ռուբիկ Հակոբյան, Կիմ Բալայան, Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Գրիգոր Հարությունյան, Աղասի Արշակյան, Հրանտ Ոսկանյան եւ այլք: Այդ ժամանակվա ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նիստերի քվեարկությունների կեսից ավելին բացակայելու դեպքում, եթե պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատգամավորի բացակայությունը համարում էր հարգելի, ապա այդ հարցը ԱԺ նիստերի օրակարգում չէր ընդգրկվում:

Իսկ եթե հանձնաժողովը պատգամավորի բացակայությունը համարում էր անհարգելի, ապա հարցը պարտադիր ընդգրկվում էր ԱԺ նիստի օրակարգում, քննարկվում եւ վերջնական որոշում ընդունում էր խորհրդարանը:

1999 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացած նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից Վանո Սիրադեղյանը բացակայել էր եւ այդ հիմքով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Սիրադեղյանի բացակայությունները կարող էր համարել անհարգելի՝ նրա հարցը մտցնելով խորհրդարանի նիստի օրակարգ:

Իսկ Սիրադեղյանի բացակայություններն ԱԺ-ի կողմից անհարգելի համարվելու դեպքում, նրան կզրկեին պատգամավորական անձեռմխելիությունից, որից հետո Սիրադեղյանին կկալանավորեին: Սակայն Վիկտոր Դալլաքյանի գլխավորած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատգամավոր Սիրադեղյանի բացակայությունները համարել էր հարգելի եւ հարցը չէր ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում՝ տապալվել էր Սիրադեղյանի բացակայություններն անհարգելի համարելու, այդ հիմքով նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ Սիրադեղյանին կալանավորելու քաղաքական պատվերը: Վանո Սիրադեղյանի բացակայությունները հարգելի համարելու որոշման հիմքում նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկներն էին:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր