Գորիս-Կապան ճանապարհին մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածել մեքենային, հայհոյել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Համբարձումյանը։
«Մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային, իրենց լեզվով են խոսել, չեմ հասկացել, ռուսերեն երկու բառ են ասել, հայհոյել են ասում եմ` ինչո՞ւ եք հարվածում մեքենային, ծիծաղում է, ասում է` լավ եմ անում, իբր ուզում է ասի` ի՞նչ էիր սպասում»,֊ ասաց Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Արտյոմ Համբարձումյանն ասաց, որ ռուսները մի հիսուն մետր ներքև են եղել. «Իրենց էլ ասացի`ախպերական, խնդրում եմ, իրենց դու չես ճանաչում, ասաց` կասեմ, մեր ԱԱԾ֊ին էլ եմ ասել ,էդ հատվածում տեղակայված են»։
Հարցին, թե ինչպես է եղել, որ կարողացել է շարունակել ճանապարհը, Համբարձումյանն ասաց, որ իր մեքենային հետևից այլ մեքենաներ են եկել այդ ճանապարհահատվածով, ադրբեջանցին փակել է դուռը, մյուսներն էլ հետը հեռացել են մեքենայից։
«Բոլորը զինված են, այնտեղ չզինված մարդ չկա, ուղղակի մյուս մեքենաները մոտեցան, դռները փակեցին, հարվածեցին մեքենային ու գնացին։
Ես չեմ պատկերացրել,որ ինձ կկանգնեցնեն, վազելով եկել են մի տասը֊քսան հոգի, կամ պիտի վրաերթի ենթարկես, անցնես, որը չես կարող, կամ կանգնես։ Բայց մյուս անգամ, եթե կանգնեցնեն վրաերթի եմ ենթարկելու ու գնամ»։