Հայ բռնցքամարտիկները գերազանցեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում
Չեռնոգորիայի Բուդվա քաղաք՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն մեկնելուց առաջ մեր հավաքականի ավագ մարզիչ, բազմափորձ Վազգեն Բադալյանը զրույցում ասաց, որ մեր մարզիկները վատ չեն նախապատրաստվել: Մրցաշարում պետք է կարևորվի հաղթելու ձգտումը, անկոտրում կամքի դրսևորումը: Եթե այդպես լինի, ապա մեր պատվիրակներից մի քանիսը տեղ կունենան պատվո պատվանդանի վրա . . .
Զրույցից հասկացանք, որ Վազգեն Բադալյանը չգերագնահատեց իրականությունը և, հավատարիմ մնալով իր բնավորությանը, զուսպ արտահայտվեց սաների ընդհանուր պատրաստականության մասին:
Առաջնությունը սկսվեց, մարզիկները հաղթում – պարտվում էին, իսկ մենք հիշում էինք նրա խոսքը: Ինչպես միշտ, նա այս անգամ էլ չսխալվեց: Հայաստանի հավաքականը գերազանցեց սպասելիքները և նվաճեց հինգ մեդալ / երկուական ոսկե, արծաթե և մեկ բրոնզե /:
Իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին, առաջնության հաղթող ճանաչվեցին և չեմպիոնի ոսկե մեդալին արժանացան Հենրի Սահակյանը / 51 կգ / ու Հենրիկ Ճղրիկյանը / 86 կգ /: Նրանց թիմակիցներ Մանվել Պետրոսյանը / 57 կգ / և աղջիկների մրցաշարի մասնակից Էլիդա Քոչարյանը / 60 կգ / գրավեցին երկրորդ տեղը և պարգևատրվեցին արծաթե մրցանակով, իսկ Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / ճանաչվեց երրորդը և բավարարվեց << բրոնզով >>:
Թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավեց պատվավոր երրորդ տեղը: