211652_close_icon
views-count2180 դիտում article-date 15:15 20-10-2021

Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտները միասնական համազգեստ են կրում

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարվա սկզբից անցել է միասնական համազգեստ կրելուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանը, արդեն երկրորդ ամիսն է ընթանում, ինչ դպրոցի բոլոր աշակերտները, թվով 300 հոգի, կրում են աշակերտական միանման համազգեստ։ Նման որոշումն ընդունվել է դպրոցի ղեկավարության, մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողների փոխադարձ համաձայնությամբ։

«Գործընթացը սկսել ենք ամառային արձակուրդների ընթացքում այն հաշվարկով, որ աշակերտները նոր ուսումնական տարում հասցնեն դպրոց գալ միատեսակ համազգեստով։ Խորհրդակցել ենք ծնողական խորհրդի հետ, ապա ծնողական ընդլայնված ժողով հրավիրել, որտեղ հասել ենք ընդհանուր փոխըմբռնման եւ հաստատել մեր որոշումը։ Այնուհետ, երկար փնտրտուքից հետո, մայրաքաղաքում գտել ենք այն ձեռնարկությունը, որտեղ ընդունել են մեր պատվերները։ Մինչեւ սեպտեմբերի 1-ը մեր բոլոր աշակերտներն արդեն ունեին իրենց նոր համազգեստները։ Աղջիկների համազգեստի արժեքը կազմել է 12-15, տղաների համազգեստի արժեքը՝ 15-16 հազար դրամ։ Տղաները հագնում են սեւ տաբատ ու սպիտակ վերնաշապիկ, աղջիկները՝ սեւ կիսաշրջազգեստ ու սպիտակ վերնաշապիկ, բոլորը վերնաշապկի վրայից հագնում են նույն տեսքի բաճկոնակ։ Գումարը վճարել են ծնողները։ Եղել են մի քանի աշակերտներ, որոնց ծնողները դժվարացել են վճարել համազգեստի համար, սակայն մենք օգնել ենք նրանց։ Ծնողները հիմնականում գոհ են մեր որոշումից եւ շեշտում են, որ միասնական համազգեստի անցնելն իրենց օգնել է  որոշակի գումար տնտեսելու առումով՝ չհաշված այն, որ վերականգնվել է խորհրդային ժամանակների դպրոցի կարեւոր ավանդույթը։ Մեր հաջորդ քայլով, ծնողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հասնելու ենք նրան, որ աշակերտները դպրոց գան առանց բջջային հեռախոսների։ Հուսամ, որ մեր ձեռնարկներն օրինակելի կլինեն նաեւ այլ դպրոցների համար»,- նշեց Անժելա Խաչատրյանը ։

Նույն ուսումնական հաստատությունում այս օրերին շինարարական եռուզեռ է ընթանում։ Դպրոցի տնտեսած միջոցների հաշվին շինարարական աշխատանքներ են ընթանում տարածքի բարեկարգման, պարսպապատման, դպրոցական ճաշարանի հիմնանորոգման եւ այլ ուղղություններով։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 540 հազար դրամ։

«Դպրոցի շրջակայքն օր-օրի բարեկարգվում է՝ ստանալով հաճելի տեսք: Կառուցվող պարիսպը մտածված է այնպիսի լուծումներով, որ  առանձնացնում է դպրոցը շրջակայքից, բայց եւ չի  մեկուսացնում: Սակայն դիտողի համար ամենահաճելին դպրոցի բակում կառուցվող ոչ մեծ հուշարձանն է՝ նվիրված Ծակքարի միջնակարգ դպրոցում աշխատած, դպրոցը հիմնադրած եւ ավանդույթներ ձեւավորած ուսուցիչներին, որոնց մի մասն այսօր երկնքից է հսկում այն փոքրիկ հողակտորը, որի վրա տեղավորված է դպրոցը: Շուտով պատրաստ կլինի նաեւ բարեկարգված ճաշարանը, որտեղ հաճելի կլինի եւ՛ սնվելը, եւ՛ աշխատելը»,- տեղեկացրեց Ծակքարի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Նմանատիպ նյութեր