211652_close_icon
views-count1612 դիտում article-date 16:33 19-10-2021

Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները

Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ:
 
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:
 
Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:
 
ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ:

Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:
2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն:

Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:
 
ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։

Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքերով դեռևս դատական ակտ առկա չէ։
 

Նմանատիպ նյութեր