211652_close_icon
views-count51050 դիտում article-date 11:23 15-10-2021

Արտակարգ դեպք՝ Արմավիր քաղաքում. բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին։ 

Այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։

Վերջինս դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։ 

Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։ 

Դեպքի վար է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը։

Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։ 

Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը այս անգամ ժամանել է նշված վայր։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարինե Գ-ն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը՝ որպես վարիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր