211652_close_icon
views-count2637 դիտում article-date 21:46 04-10-2021

ԵՊՀ-ն հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Գիտական խորհրդի որոշմամբ Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչում:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակում էլ նախաձեռնվել և կազմակերպվել է այսօրվա հանդիպումը ԵՊՀ-ում:
 
Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, իր աշխատասենյակում ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս, ողջունելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին, ուրախությամբ նշեց, որ մեծ պատիվ է համալսարանում հյուրընկալել նրան:
 
Հ. Հովհաննիսյանը և տիկին Մուշիկիվաբոն հանդիպման ընթացքում խոսեցին Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներով: Նրանք քննարկեցին նաև կազմակերպության և Հայաստանի, մասնավորապես ԵՊՀ-ի համագործակցության ուղիներն ու դրանց զարգացման հեռանկարները:
 
Այնուհետև արդեն ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ ձեռք է բերել 2012 թվականին, իսկ 3 տարի առաջ էլ Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղար:
 
«Ֆրանկոֆոն երկրների հետ հաստատված են բավականին ջերմ կապեր, հատկապես և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հետ: Ավելորդ չէ նշել Ֆրանսիայի դերը թե՛ Հայոց ցեղասպանությունից, թե՛ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո: Մեր հարաբերությունները բավականին ջերմ են, մենք շարունակում ենք դրանք խորացնել և փորձում գտնել զարգացման նոր հեռանկարներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
 
Նա տեղեկացրեց, որ Լուիզ Մուշիկիվաբոն ծնունդով Ռուանդայից է, և ասաց, որ Հայաստանը և Ռուանդան պատմության շատ նման էջեր ունեն, որոնցից է, ցավոք, ցեղասպանությունը. «Թե՛ մենք՝ հայերս, թե՛ Ռուանդայի ժողովուրդը, ենթարկվել ենք ցեղասպանության: Այս իմաստով մեր պատմությունը, մեր հիշողությունները, մեր զգայական ապրումները բավականին նույնական են: Ես գիտեմ, որ տիկին Մուշիկիվաբոն ունեցել է անձնական կորուստներ այդ ժամանակահատվածում, ինչպես մենք՝ թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ: Այսինքն՝ մեր միջև կա նաև հուզական փոխըմբռնում»:
 
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի 2021 թ. սեպտեմբերի 30-ի նիստում որոշում է կայացվել հասարակական և քաղաքական ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների և Հայաստանի Հանրապետության ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհել «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչումը:
 
Լուիզ Մուշիկիվաբոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ մինչ կազմակերպության գլխավոր քարտուղար դառնալը զգայական առումով կապված է եղել Հայաստանի հետ. «Մեր երկրները, որոնց բաժանում են պատմություն, լեռներ ու ծովեր, ճակատագրով կապված են իրար հետ: Այն, ինչ կատարվել է մեր ժողովուրդների հետ, կապում է մեզ»:
 
Շնորհակալություն հայտնելով իրեն ԵՊՀ դոկտորի պատվավոր կոչմանն արժանացնելու համար՝ Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ այն իր համար պարզապես պարգև չէ, այլ առանձնահատուկ կապ Երևանի պետական համալսարանի հետ:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև պատմեց կազմակերպության գործունեության վերաբերյալ, խոսեց ճանապարհային այն քարտեզի մասին, որով առաջնորդվում են ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամ երկրները, և ներկայացրեց, թե բուհական համակարգում համագործակցության ինչ ուղիներ կան, պատասխանեց մասնակիցների հարցերին:
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր