211652_close_icon
views-count47299 դիտում article-date 20:42 16-09-2021

Դանակահարություն Երևանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա տղա

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի  տղա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ,  որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ,  20-ամյա Արման Թ.-ն է, ով հայտնել է որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում:

Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսում, թե բակային հատվածում:

Փաստի առթիվ  ոստիկանության Նոր Նորքի  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր