211652_close_icon
views-count3173 դիտում article-date 16:15 08-09-2021

Սեպտեմբերի 1-ից միջինում 15%-ի չափով բարձրացվել է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն»-ի աշխատակիցների աշխատավարձը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում` տեղում ծանոթանալու ընկերության աշխատանքների ընթացքին։

«Նախարարը շրջայց է կատարել օդերևութաբանական դիտարկումների հրապարակ, ծանոթացել է ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքներին: Նրան ուղեկցել են «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարն ու ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը»,-հայտնել են նախարարությունից:

Գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել։

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի որակից։

«Հետպատերազմյան և կորոնավիրուսի համավարակի մարտահրավերների այս բարդ շրջափուլում կենտրոնն իր գործունեությամբ տարածաշրջանում մրցունակ է և կարողացել է սրընթաց ձեռքբերումների փուլ թևակոխել։ Չնայած առաջնահերթությունների վերանայմանը՝ համատեղ ջանքերով կարողացել ենք կենտրոնը հագեցնել նյութատեխնիկական անհրաժեշտ գույքով, ինչպես նաև լուծել մեր աշխատակիցների սոցիալական ապահովվածության խնդիրը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել պետական կառավարման, մասնավորպես շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ոչ միայն առաջնորդվել իրավական պետության նորմերին հարիր գործիքակազմով՝ վեր դասելով պետական և հանրային շահը, այլև բովանդակային առումով կազմաքանդել ավանդական կարծրացած ստատուս-քվոն և զրոյական կետից կառուցել համակարգը։ Այդ առումով ամենաքիչ անելիքը կար «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ այստեղ մասնագիտական-գիտական միջավայր է և դուք ամենաքիչն եք առնչվում հասարակության մեջ առկա արգահատելի երևույթների հետ»,- նշել է Պետրոսյանը:

«Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը զեկուցել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին:Նախարարը նաև բարձր է գնահատել կենտրոնը նոր կադրերով համալրելու իննովատիվ մոտեցումը։

Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ից միջինում 15%-ի չափով բարձրացվել է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը։

Համաշխարհային օդերևութաբանության բնագավառի առաջատար «Vaisala» կազմակերպությունից ձեռք է բերվել գերժամանակակից ճշգրտությամբ օդերևութաբանական կայան՝ Հայաստանի հարավում շահագործելու նպատակով։

Նշված կայանից ստացված տեղեկատվությունը կօգտագործվի ինչպես «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, այնպես էլ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար։ Եղանակային պայմանների վերաբերյալ նման գերճշգրիտ տվյալներ տրամադրող կայան Հայաստանում չկա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր