211652_close_icon
views-count56274 դիտում article-date 18:20 31-08-2021

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը բախվել է քարերին, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի  7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով վարորդը  տեղում մահացել է, նրա  դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրր մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Նշան Հաղնազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Լիլիթ Պապիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Լ. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության  Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր