211652_close_icon
views-count185296 դիտում article-date 20:38 26-08-2021

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն. կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ. Ivekօ-ն էլ հայտնվել է գերեզմանոցում, կոտրելով մի քանի շիրմաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 26-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Mercedes և  կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից   2-ը մահացել են:

Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական  ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող  թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և   դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու  Հայաստանի  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ  Ռուբեն Հակոբյանի և  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ռ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ,  որտեղ էլ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով  Ivekօ-ն  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև վնասված գերեզմանատերերի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողնեը, որպեսզի  քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

***
 23:00

 Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց, որ Երևանի «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված  երեխան, գիտակցության չգալով, մահացել է: 



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր