ՀՀ առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում՝ դիմակ կրելու պահանջն արդիական է
COVID-19–ի հերթական ալիքին դիմակայելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:
«Հայաստանում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու եւ իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը եւ տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում եւ փակ տարածքներում:
Հիշեցնենք`
• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը եւս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ,
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները»,– ասվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։