211652_close_icon
views-count17204 դիտում article-date 21:41 15-08-2021

«Թալիբանը» շուտով կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը: 

Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:

Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող նախագահական պալատից «Թալիբանը» շուտով կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին, հաղորդել է AP-ն՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչներին:  

Երկիրն այդպես է կոչվել  «Թալիբանի» կառավարության օրոք, որը վտարվել է ԱՄՆ-ի գլխավորած ուժերի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Նշենք, որ թալիբները այսօր գրավել են Քաբուլը մեկշաբաթյա բլից հարձակումից հետո, որի ընթացքում նրանց վերահսկողության տակ են անցել նահանգների մեծ մասի խոշոր քաղաքներն ու կենտրոնները: Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը:

Նմանատիպ նյութեր