211652_close_icon
views-count16802 դիտում article-date 11:51 15-08-2021

«Պատիժ» հասկացության վերաբերյալ նոր մոտեցում. Հովսեփ Քոչունց

Իրավախորհրդատու Հովսեփ Քոչունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Նախ սկսենք նրանից, թե 
1․ ի՞նչ է պատիժը,
2․ ի՞նչ նպատակով է նախատեսվել պատիժը,
3․ ի՞նչ է մեծ հաշվով հետապնդում պատիժը  և
4․ինչպիսի՞ պատժատեսակներ կան և որո՞նք են գործում Հայաստանի Հանրապետությունում։
5․ Արդյո՞ք անձին պատժելիս պետությունը հասնում է իր նպատակին։
Պատիժը պետական հարկադրանքի միջոց է ընդդեմ՝ հանցագործի, իրավախախտի,կարգազանցի։

Ինչու՞ են տարանջատվում այս երեք հասկացությունները, քանի որ վերջիններս, որպես հետևանք, իրենցից ենթադրում են տարբեր պատժատեսակներ․ հանցագործի նկատմամբ՝ ընդհուպ մինչև ազատազրկման ձևով, իրավախախտի դեպքում՝ վարչական պատասխանատվության, կարգազանցի դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ձևով։

Վերը նշվածն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեաիրավական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ։

Չնայած ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված «հանցագրծության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն» թեզի առկայությանը, ՀՀ-ում «պատիժ» ինստիտուտը ենթակա է վերանայման։

Քրեական իրավունքի բոլոր համակարգերում ակնհայտ է մի դիրքորոշում․ «անմեղը պետք է արդարացվի, իսկ մեղավորը պատժվի»։

Ամփոփելով նշենք, որ պատժելով հանցագործին և վերականգնելով վերջինիս կողմից խախտված սոցիալական արդարությունը, պետությունը միաժամանակ պաշտպանում է քրեական օրենքի հեղինակությունը և ձևավորում հարգանք նրա նկատմամբ։

Դատապարտյալին պատժելու միջոցով սոցիալական արդարության վերականգնումն իրականացվում է ինչպես հասարակության, այնպես էլ տուժողի համար։

Սոցիալական արդարույունը հասարակությունում վերականգնվում է հնարավորինս․ պետությունը վերականգնում է հասցված վնասը, իսկ քաղաքացիները համոզվում են, որ պետական մարմիններն ի վիճակի են պատժել հանցագործին։

Տուժողի նկատմամբ սոցիալական արդարությունը վերականգնվում է հանցագործությամբ խախտված նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ։

Վերոգրյալի առնչությամբ հարկ է նշել՝ պատիժն արդեն իսկ կրած նախկին դատապարտյալներին տեսնելով հանգում ենք այն եզրակացության, որ կալանքի տեսքով պատիժը, մեծ հաշվով, ոչինչ չի փոխել այդ անձանց մեջ՝ ուղղման առումով։

Ստացվում է, որ պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում, կառուցում քրեակատարողական հիմնարկներ, ապահովում պարենային բավարարում, վարձատրում աշխատակիցներին, որ այդ ամենը ծառայի մեկ նպատակի, այն է՝ դատապարտյալի ուղղմանը, քրեածին արարքների և նոր հանցագործության կատարման բացառմանը։ Սակայն այստեղ ի հայտ են գալիս նոր, առավել կարևոր խնդիրներ, որոնք իրեց հերթին փաստում են, որ պետական հարկադրանքի միջոց պատիժը չի ծառայում իր նպատակին, որ դատապարտված և պատժված անձը ոչ թե ուղղվում է, այլ՝ քրեակատարողական հիմնարկներում ավելի մեծ ծավալի քրեածին բարքերի հետ է առնչվում, հետևաբար՝ ձեռք բերում։

Արդյունքում եզրակացնում ենք, որ պետությունը իր ռեսուրսները նպատակային չի օգտագործում․ անձին պատժելով պետությունը չի կարողանում նորից հասարակությանը վերադարձնել ուղղված և դրականորեն բնութագրվող անձի։

Դատապարտյալներն իրենք են խոստովանում, որ պատժելով անձին նման ռեժիմի պայմաններում, չի դաստիարակում վերջիններիս։
Քրեական ենթամշակույթ և քրեական աստիճանակարգ ստանձնած կալանավորները փորձում են խոչընդոտել քրեակատարողական հիմնարկների ուղղիչ միջոցառումները։ Արդյունքում նախկին կալանավորները, ովքեր կրել են իրենց պատիժը և գտնվում են ազատության մեջ, կրկին հանցագործություն են գործում, որպեսզի վերադառնան կալանավայր, իրենց «հեղինակությունը նորից բարձրացնել» այնտեղ․ չէ՞ որ քրեակատարողական հիմնարկում նա ուներ «հեղինակություն» և նրա քրեածին «լիազորությունները» այժմ ավելի ընդլայնված են այնտեղ։

Միտքս ամբողջացնեմ հետևյալ եզրակացությամբ․ պատժի նպատակն արդարացված կլինի, եթե կալանավայրում դատապարտյալները զբաղված լինեն հանրօգուտ աշխատանքով, ինչը կբացառի պետության կողմից ռեսուրսների չարդարացված վատնումը և ի վերջո պատիժը կծառայի իր նպատակին, այլ ոչ թե կաշխատի հակառակ տրամաբանությամբ։

Իրավագետ՝ Քոչունց Հովսեփ

Ծանոթություն։ Նյութը ներառում է ոչ գրքային, ոչ ավանդական տեսական ձևակերպումներ։ Հիմնական շեշտադրումը նոր մոտեցումների և առաջարկների վրա է դրված։

Նմանատիպ նյութեր