211652_close_icon
views-count3120 դիտում article-date 09:54 05-08-2021

Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անվտանգային համակարգը կատարելագործելու փոխարեն իշխանություններն, ըստ էության, ավելի շատ զբաղված էին միայն բանակում կոռուպցիա փնտրելով և սպայակազմին վարկաբեկելով։ Իսկ արդիական սպառազինությունների ձեռք բերման հարցն իշխանությունների համար ավելի շատ իրենց գովազդելու հարց էր լուծում, քան իրական սպառնալիքներին դիմագրավելու խնդիր։ Հիշենք Փաշինյանի նկարները Սու-30 ՍՄ կործանիչների ֆոնին, որոնք այդպես էլ մարտական պայմաններում չօգտագործվեցին։ Թերևս անվտանգության խնդրի անտեսման արդյունքում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմը խայտառակ պարտություն կրեց, ինչը լուրջ բարդույթներ է ստեղծել մեր հանրության և զինված ուժերի անձնակազմի շրջանում։ Ուստի նոր կապիտուլ յացիաներից խուսափելու համար այլ ելք, քան իր զինված ուժերը կարգի բերելն է, Հայաստանը չունի։

Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի զինված ուժերի վերականգնման հարցը հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին իր հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզում Փաշինյանը առանձին կետով նշում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման ու մեկնարկի մասին։ Արդեն փետրվարին վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ կձևավորվի զինված ուժերի բարեփոխման աշխատանքային խումբ։ Իսկ ահա ապրիլին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերում արդեն մեկնարկել են լայնածավալ բարեփոխումները։

Բայց Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզը ներկայացնելուց ի վեր զինված ուժերում մեծ հաշվով որևէ տեսանելի փոփոխություն չի արվել։ Թերևս նաև դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն է ունեցել առանց դիմադրության հանդիպելու ներխուժել ու բռնազավթել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Այսինքն, իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները միայն դրանց իմիտացիայով են զբաղված։ Նրանք ոչ այնքան մեծ կարևորություն ունեցող փոփոխությունները ներկայացնում են որպես աննախադեպ երևույթ, իսկ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հարցն ընդամենը մնում է հայտարարությունների մակարդակում։

Այնինչ, այս ընթացքում բարեփոխումները և արդիական սպառազինությունների ձեռք բերումը արդեն պետք է հանրության համար տեսանելի կերպով մեկնարկած լինեին, որպեսզի այնպիսի իրավիճակում չհայտնվեինք, որ դաշնակից Ռուսաստանին խնդրեինք, որ իր սահմանապահներին բերի ՀՀ սահմանները պաշտպանելու համար։ Պատերազմից արդեն 8 ամսից ավելի ժամանակ է անցել, ո՞ւր են այն գերժամանակակից սպառազինությունները, որոնք իշխանությունները խոստանում էին ձեռք բերել։ Ստացվում է, որ իշխանություններն, ավելի շատ կենտրոնանալով իրենց վերարտադրման խնդրի վրա, բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության համակարգի բարեփոխմանը։

Դրանով է նաև պայմանավորված, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները ԱԺ-ում անվտանգությանը վերաբերաղ հարցերին չեն կարողանում հավուր պատշաճի պարզաբանումներ տալ։ Ու արդեն, մեղմ ասած, զավեշտի ժանրից է թվում, որ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտպանության նախարարին ներկայացնելիս խոսում է զինված ուժերում սկսված բարեփոխումներն ավարտին հասցնելու մասին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր